Այսօր լրագրողների հետ հանդիպմանը տնտեսագետ Վարդան Բոստանջյանը լրագրողի այն հարցին, թե ՌԴ նախագահ Պուտինի այցին կնքված 12 համաձայնագրերն ի՞նչ կտան Հայաստանին և երկրի տնտեսությանը, պատասխանեց, որ դեռևս պետք է սպասել, տեսնել, թե ինչ պետք է տնտեսական առումով տա ՄՄ-ին միանալը:
«Այդուհանդերձ ուզում եմ հասկանալ ու մտածել, որ բոլոր դեպքերում հնարավար չէ ինչ որ առումով ՀՀ-ի համար լավ չլինի: Պետք է հավասարակշռել դրականն ու բացասականը, շահերը և կորուստները: ՌԴ-ն բարձրաձայն չի ասում, բայց իմ կարծիքով` ինքը ձգտում է իմպերիայի վերականգնմանը, և մենք իրավունք չունենք ասել, թե ինչու՞ եք այդպիսի շահեր հետապնդում, ուժեղներն առաջին հերթին մտածում են իրենց շահերի մասին, ամեն ինչ անում են` իրենց շահերից ելնելով», համոզված է Բոստանջյանը:
Տնտեսագետի փոխանցմամբ` դրա ավելի ցնցող օրինակն այն է, որ ԱՄՆ-ն ասում էր, թե իր կենսական շահերը գտնվում են Աֆղանստանում կամ Միջին Ասիայում: Նրա խոսքերով, սա ուժի կենտրոնների նկրտումներն ու շահերն են, իսկ Հայաստանը մեծ ընտրություն կամ այլընտանքներ չունի:
Բոստանջյանի կարծիքով` պետք է կարողանալ այնպիսի կեցվածք ընդունել, որի պարագայում հնարավորինս կմեղմվի սպասվող բացասական, ոչ ցանկալի երևույթները:
«Մաքսային միության ընդհանուր ազդեցության հարցն այնպես պետք է կազմենք, որ կազմված չլինի միայն Հայաստանով կամ ՄՄ-ով: Մեր իշխանություններն էլ պետք է ունենան կառավարման որակ: Եթե ՄՄ-ի խնդիրներն առաջ քաշենք, երկրի զարգացման խնդիրները թողնվում են երկրորդ պլան: Պետք է համատեղ նայել, իսկ որ ՄՄ-ի պարագայում մենք կունենանք որաշակի շահ, հաստատ է և դա չի ուշանա»,- համոզմունք հայտնեց Բոստանջյանը:
Բոստանջյանի դիտարկմամբ` Հայաստանի ներուժը կօգտագործվի, թեկուզ միայն նրանց շահերի համար, սակայն, ըստ բանախոսի, դրանք չեն կարող միակողմանի օգտագործվել, և պետք է համատեղել: