Վերջերս շատ է խոսվում այն մասին, որ ՌԴ նախագահ Պուտինի ընդունելությունը Հայաստանում նման չէր ռազմավարական գործընկերոջ ընդունելության, այսինքն ՀՀ իշխանությունները դիրքերը զիջեցին ստրուկի զիջողի կարգավիճակով, դրանից բացի մինչ այսօր կախված են մնացել դրոշները, չնայած` բոլոր պետական այցերից հետո դրոշները հենց հաջորդ օրն էլ հանվում են, իսկ Գյումրիում Պուտինի այցի կապակցությամբ արգելել էին թաղման արարողություններ իրականացնել:

Այս հարցերի շուրջ այսօր լրագրողների հետ հանդիպմանը խոսեց տնտեսագետ Վարդան Բոստանջյանը` հարց ուղղելով` մի՞թե պետք է նախագահի մոտով այդ դիակն անցկացնեին, նրանք էլ խոնարհվեի՞ն այդ գործողության առաջ:

Բոստանջյանի գնահատմամբ` հանդիպումը տեղի է ունեցել այնպես, ինչպես պետք է տեղի ունենար, և ինչպես տեղի է ունենում ամբողջ աշխարհում:
«Դա արարողակարգային երևույթ է, և բացարձակապես չկար ստրուկի կարգավիճակ: Ես հասկանում եմ, որ Հայաստանում կան մարդիկ, որոնք շահագրգռված են ավելի բարդացնել ու ավելի ողբերգական դարձնել ամեն ինչ, իսկ ես էլ հակառակն եմ մտածում, և տեսնում եմ, որ ամբողջ աշխարհում էլ է այդպես իրականացվում նման հանդիպումները»,- բնորոշեց Բոստանջյանը:

Նրա մոտ հարց է առաջանում, թե ավել ի՞նչ կարելի է ակնկալել: Նրա խոսքերով նման գնահատակններն ընդհանրապես առընչություն չունեն ընդունելության պրոցեսի հետ, որը, ըստ Բոստանջյանի, եղել է այնպես, ինչպես կանխավ գրված է եղել:

«Ես ոչ մեմին չեմ ուզում հովանավորել, ոչ էլ նրանք ունեն դրա կարիքը, պարզապես մենք խելոք ժողովուրդ ենք, էլի… էտպես կյանքը չբարդացնենք, ավելորդ տրագիկ ինստիտուտներ չստեղծենք… ի՞նչ է եղել, հանդիպում է եղել, ի՞նչ պետքա անեին.. մեկն ասումա պաչեց, մեկն ասումա` չպաչեց` ու՞մ, ինչի՞ համար: Դա գալիսա նրանից, որ, ով տենց խոսում ա, նրանց ավելի ողորմելի ու մեղկ վիճակի մասին, որ ուրիշ բան չունեն, գտնեն, էլի: Ես չեմ ասում ես ճիշտ եմ, բայց չեղած տեղից ստեղծելը` ծիծաղելի է»,- գնահատեց Բոստանջյանը: