Պորտուգալիայի հավաքականի և Մադրիդի «Ռեալի» առաջնորդ Կրիշտիանու Ռոնալդուն անվանել է այն հավաքականներին, որոնք համարվում են 2014 թվականի Աշխարհի Առաջնության հիմնական հավակնորդները:
«Հիմնական թեկնածուներն են Իսպանիան, Բրազիլիան և Գերմանիան: Հիանալի կլիներ, եթե Պորտուգալիայի հավաքականը չհանդիպեր նրանց առաջնության սկզբում: Այս առաջնությունը կարող է դառնալ «մերը», սակայն դա կախված է մի քանի գործոններից, այդ թվում մեր ներկայիս մարզավիճակից: Ես այժմ ինձ հիանալի եմ զգում, սակայն դեպքերի այսպիսի ընթացքը պետք է պահպանել մինչև առաջնության ավարտը, այդ դեպքում աշխարհի առաջնությունը հնարավոր է հաջողակ լինի»,- նշել է Կրիշտիանուն:
Հիշեցնենք, որ աշխարհի առաջնության եզրափակիչ փուլի վիճակահանությունը տեղի է ունենալու վաղը Բրազիլիայում: Պաուլու Բենտուի ֆուտբոլիստները աշխարհի առաջնության եզրափակիչ փուլում հայտնվեցին անցումային խաղերից հետո, որոնց արդյունքում Շվեդիային պարտության մատնեցին 4:2 հաշվով, ընդ որում այդ բոլոր գոլերի հեղինակ դարձավ Ռոնալդուն:
Կրիշտիանուի համար Բրազիլիայում կայանալիք աշխարհի առաջնությունը դառնալու է երրորդը իր ֆուտբոլային կարիերայի ընթացքում: Առաջին անգամ նա աշխարհի առաջնությունում խաղացել է 2006 թվականին: Այն ժամանակ Պորտուգալիան հասել է մինչև կիսաեզրափակիչ և պարտվել Ֆրանսիային 0:1 հաշվով: 2010 թվականին 1/8-րդ եզրափակիչում պորտուգալացիները պարտություն էին կրել իսպանացիներից 0:1 հաշվով:
Ընդհանուր առմամբ «Ռեալի» 28 ամյա հարձակվողը աշխարհի առաջնությունում 10 խաղ է անցկացրել և երկու գոլի հեղինակ դարձել: