ԵԱՀԿ-ն պետք է մշակի հակամարտությունները կանխարգելելու և ճգնաժամային կառավարման սկզբունքներ: Հայտարարել է Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը` ելույթ ունենալով այսօր Կիևում արտաքին գործերի նախարարների նիստի ժամանակ:
«ԵԱՀԿ տարածքում պահպանվում են տարածաշրջանային բազմաթիվ խնդիրներ: Ամենահիները Հյուսիսային Իռլանդիայում և Կիպրոսում, որոնք մի քանի տասնամյակի պատմություն ունեն: Լարված է մնում իրավիճակը նաև Կոսովոյում, որը հաստատեցին վերջերս տեղի ունեցած ընտրությունները:
Մենք խրախուսում ենք Մերձդնեստրյան կարգավորման համար ուղղված բանակցությունները «5+2» ձևաչափով»,- նշել է Լավրովը, ում խոսքերը փոխանցում է Итар-Тасс գործակալությունը:
«ԵԱՀԿ Մինսկի խմբի մյուս համանախագահների(Ֆրանսիա և ԱՄՆ) շարունակում ենք օժանդակել Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետ կապված կողմերի դիրքորոշումների մերձեցման ուղղությամբ»,- նշել է Ռուսաստանի ԱԳ նախարարը:
«Անդրկովկասում կայունության և անվտանգության հարցերով կարևոր գործոն է շարունակում մնալ Ժնևի քննարկումները»,- ընդգծել է նա:
Հիշեցնենք, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցով գարնանը Լավրովը հայտարարել է, որ Ռուսաստանը որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող պետություն իր նպատակն է համարում ստեղծված ստատուս-քվոյի իրավիճակի հաղթահարումը:
Այս առումով Լավրովը ուշադրություն է գրավել 2009 թվականին Ռուսաստանի կողմից առաջարկած հակամարտությունների կանխարգելման և ճգնաժամային կառավարման մասին սկզբունքների վրա:
«Դրա ընդունումը կարևոր ներդրում կլիներ այս ուղղությամբ ջանքերում: Մեր փաստաթուղթը շարունակում է մնալ բանակցությունների սեղանի վրա»,- հայտարարել է Լավրովը: