ՀՀԿ ԳՄ նիստն ավարտվել է: Նիստի ընթացքում քննարկվել են ներքաղաքական և ներկուսակցական հարցեր: Այս մասին այսօր ԳՄ նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում նշեց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:
Նրա խոսքերով, Վիլնյուսյան գագաթնաժողովն ու ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի այցը Հայաստան երկու կարևոր նշանակություն ունեցան: Առաջինը, նրա խոսքերով այն է, որ Հայաստանը շարունակելու է ժողովրդավարության ընթացքը և շարունակվելու են նաև եվրոպացիների հետ կապերը:

Նրա խոսքերով, թեկուզև Վիլնյուսում ոչ մի փաստաթուղթ չստորագրվեց, սակայն արդյունավետ էր ամեն ինչ:

«Իսկ ՌԴ-ի նախագահի այցից հետո աննախադեպ են արդյունքները , քանի որ ստորագրվեցին 12 պայմանագիր և ևս մեկ անգամ համոզվեցինք, որ Հայաստանի արտաքին քաղաքականությունը ընդունվում է և Եվրոպայի, և Ռուսաստանի կողմից», - նշեց նա:

Լրագրողներից մեկը հարց հնչեցրեց, թե արդյո՞ք օրենքի խախտում չէ, երբ ամբողջ հանդիպման ընթացքում հայերեն ոչ մի խոսք չհնչեց և ամեն ինչ ընթացավ ռուսերենով, ԱԺ փոխնախագահը նախ նշեց, որ առաջին անգամ չէ, որ ՌԴ-ի պաշտոնյաները գալիս են այստեղ, և միշտ էլ լինում է ռուսերենով:
«Բոլոր երեք նախագահների դեպքում էլ այդպես է եղել, և չեմ կարծում, թե այդ կերպ որևէ վնաս է հասցվում հայոց լեզվին», - եզրափակեց նա: