Ծանրամարտի Եվրոպայի բազմակի չեմպիոն, աշխարհի առաջնությունների բազմակի մրցանակակիր, 2012 թ. Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակակիր Հռիփսիմե Խուրշուդյանն այսօր հայտարարեց, որ, խոստացվածի պես, առաջնեկի ծննդից հետո վերադառնալու է մեծ սպորտ:
Ծանրամարտիկը հայտնեց, որ մոտ երկու ամիս ու կես է`մարզվում է և պատրաստվում է 2014 թվականի ապրիլին կայանալիք Եվրոպայի մեծահասակների առաջնությանը:
«Եվրոպայի մեծահասկների առաջնությունն արդեն օլիմպիական միավորների ձեռքբերման մրցում է լինելու: Արդեն սկսել եմ միավորներ վաստակել, որպեսզի կարողանամ մասնակցել օլիմպիական խաղերին»,- հայտնեց Խուրշուդյանը` հավելելով, որ կանի ամեն բան հայ ժողովրդին հուսախաբ չանելու և մեդալ վաստակելու համար:
Լրագրողի այն հարցին, թե ինչպիսի մարզավիճակում է այժմ գտնվում, ծանրամարտիկը պատասխանեց, որ իր մարզիչը բարձր է գնահատում աշխատանքների արդյունքները, իսկ ինքն էլ օրեկան 1,5 ժամ տրամադրում է մարզումներին:
Խուրշուդյանի փոխանցմամբ` երեխայի մեծանալուց հետո մարզումներին կտրամադրի 2,5 ժամ, երեխան այժմ 4,5 ամսեկան է:
«Ճիշտն ասած` խորթ էր, երբ երկար ընդմիջումից հետո կրկին բարձրացրեցի ծանրաձողը: Ինքս զարմացել եմ իմ վրա` ես ո՞նց եմ բարձրացրել 170 կգ ծանրաձողը: 7 կգ ինձ համար շատ բարդ էր, իսկ արդեն բարձրացնում եմ 100 կգ, 200 կգ»,- հայտնեց Խուրշուդյանը: