ԱԺ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանն այսօր ԱԺ ճեպազրույցների սրահ էր եկել մի մեծ թղթապանակով, որը պատգամավորն անվանեց «գազի թղթապանակ», - նշելով, որ արդեն վեց ամիս տառապել է այս հարցի շուրջ, սակայն կա մի հստակություն, որը պատգամավորը ներկայացրեց :
Նա նշեց, որ ստացել է նաև 2008թ. գազի պայմանագիրը, որտեղից պարզ է դառնում, որ պետք է երեք անգամ գազը թանկանար, սական թանկացել է հինգ անգամ, իսկ հասարակությունն էլ մեկ անգամ է իմացել այդ մասին: Նա փաստերով և ժամանակագրությամբ ներկայացրեց ողջ իրողությունը:
«Դա կապված է եղել ընտրությունների հետ: 2008թ. ընտրություններից մի քանի ամիս հետո պայմանագիր է կնքվել, որ հինգ տարում երեք անգամ պետք է թանկանար գազը, հասնելով մինչև 200 դոլարի: Թեպետ այդ պայմանագրի մեջ կա կետ, որ թանկացումներ կարող էին լինել նաև այլ փաստերից ելնելով», - նշեց նա:
Պատգամավորի խոսքերով, 2010թ. մենք վճարում ենք 180 դոլար, և առաջին թանկացումը եղել է նախագահական ընտրություններից հետո:
«2011թ. երրորդ եռամսյակի Մաքսայինի թվերով մենք պետք է մուծեինք 205 դոլար, չորրորդ եռամսյակում՝ 217 դոլար, 2012թ. 219 դոլար և ընտրություններից հետո միանգամից 244 դոլար, 255 դոլար», - նշեց նա, հավելելով, որ երկու ընտրություններից հետո էլ եղել են գազի կտրուկ թանկացումներ:
Նա նշեց, որ արդեն այս տարվա նախագահական ընտրություններից առաջ բացառում էին որևէ թանկացում, որևէ գործարք: Սակայն, պատգամավորի խոսքերով, իրենք արդեն հոկտեմբերին գիտեին, որ այդ 20%-ը դառնալու էր առևտրի առարկա և Էներգետիկայի նախարար Արմեն Մովսիսյանին հարց են ուղղել, թե կա այդպիսի բան, ինչին ի պատասխան հետևել է նախարարի բացասական պատասխանը:
«Այս թանկացումներին զուգահեռ եղել է իշխանությունների այն հայտարարությունները, թե թանկացումներ չեն եղել և ամեն ինչ անվանել են հերյուրանք: 2013թ. մարտի 29-ին ստորագրվում է պայմանագիր ապրիլի մեկից թանկանալու համար, սակայն, քանի որ քաղաքապետի ընտրություններ պետք է լինեին, սա գաղտնիք է պահվում: Հետո վարչապետը մտել է գների կոմիտե՝ գինը թանկացնելու համար», - նշեց նա: