Քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանի գնահատմամբ` ՌԴ նախագահ Պուտինը, Հայաստան գալով, զենք-զինամթերքի ֆոտոշարքի ֆոնին որոշակի մեսսիջներ էր փորձում փոխանցել:
«Պուտինն անմիջական ձևով հայտարարեց, որ գազի գինը 189 կլինի, և ֆիքսեց, որ այն անփոփոխ կմնա առաջիկա տարիներին: Ինչ վերաբերում է Հայաստանի միջոցով դիրքերն ամրապնդելուն, ապա Կովկասում Ռուսաստանն իր դիրքերն ի դեմս Հայաստանի ամրապնդել է 94 թվականից, և հիմա այլևս ընդլայնվելու խնդիր չկա Ռուսաստանի առջև դրված, քանի որ Սերժ Սարգսյանն էլ ստորագրել է 49 տարով երկարաձգելու համաձայնագիր»,- «Ելակետ» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպմանը նշեց Քոչարյանը:
Անդրադառնալով Հայաստանում ռուսաֆիկացման խնդրին` քաղտեխնոլոգը նշեց, որ նման խնդիր չի կարող լինել մի երկրում, որտեղ 80-90%-ը մոնոէթնիկ հայեր են:
Քոչարյանի համոզմամբ` ԿԳ նախարար Արմեն Աշոտյանի այն հայտարարությունը, թե ՄՄ-ի գործառույթներում աշխատանքային լեզուն պետք է լինի ռուսերենը, չի վտանգում հայերենին:
«Что, Где, Когда-ն նախատեսված է Հայաստանում բնակվող փոքրամասնությունների համար: Տարվա կտրվածքով հաղորդումը հեռարձակվելու է 365 օրից 48 ժամ, 13 հեռուստաընկերություններից միայն մեկով, այսինքն` 0,5%: Այդ ընթացքում նրանք, ովքեր չեն ցանկանում օտարալեզու հաղորդումներ դիտել, թող նայեն ուրիշ հաղորդումներ: Ուզում եք հայերենով լինի, հայերենով պատրաստեք հաղորդումը»,- ասաց Քոչարյնաը` հավելելով, որ իրենց դիմել են ազգային փոքրամասնությունները, իրենք էլ պատրաստել են հաղորդումը:
Անդրադառնալով Մաքսային միության խնդրին` քաղտեխնոլոգը կարծիք հայտնեց, որ ՄՄ-ին կողմ են բոլոր այն մարդիկ, որոնց բարեկամներն աշխատում են Ռուսաստանի սահմաններում, և բոլոր նրանք, ովքեր շփոթում են ԽՍՀՄ-ը ՄՄ-ի հետ: Քոչարյանը համոզված է, որ 25-ամյա կինը չի կարող հիշել Սովետական ժամանակաշրջանի 20 ռուբլիանոց Դոկտորսկի երշիկները, նա պարզապես գիտի, որ եթե իր ամուսինն աշխատում է ՌԴ-ում, ապա չի կարող գնալ Եվրոպայի ուղղությամբ, իսկ ավելի տարեցները կողմ են ՄՄ-ին, քանի որ կարծում են, թե ամեն օր պետք է գնան աշխատանքի, աշխատավարձ ստանան և սանատորիաներ մեկնեն:


