Արամ Մանուկյանն այսօր ԱԺ ճեպազրույցների ընթացքում նշեց, որ այս ամբողջ ընթացքում երբեք «Հայռուսգազարդը» գազը չի մուծել այն գներով, որոնք նշված են եղել պայմանագրերում: Նա նշեց, որ մշտապես վճարվել է 180 դոլար սակագին, սակայն, մնացածը պարտք է կուտակվել՝ փոխադարձ համաձայնությամբ, հայկական կողմի խնդրանքով:
«Հայկական կողմը խնդրել է, որ չավելանա գինը, քանի որ դա կարող էր սոցիալական բունտ առաջացնել, բայց իրենք ասել են, որ կմուծեն: Վարչապետը մասնավորապես կառավարության որոշումով գրել է, որ այդ տարբերությունը ինքը պետք է մուծի, սակայն չի մուծել», - նշեց նա:
Պատգամավորը նշեց, որ գոյացած 300 միլիոն դոլար պարտքից 160 միլիոն դոլարը գոյացել է 2012-ին, արդեն այս տարվա առաջին եռամսյակի պաշտոնական տվյալներով այն կազմում է 100 միլիոն դոլար, իսկ հիմա, պատգամավորի խոսքերով, կազմում է 130 միլիոն դոլար:
«Պարտքը մերոնք մուծել են միայն 20%-ով, իսկ թե ինչպես են այս տարվա պարտքը մուծելու, ոչ մեկ չգիտի: Պայմանագրի մեջ կան կետեր ուշացման դեպքերի համար: Ամեն ամսվա վճարը պետք է ամենաուշը մուծվեր հաջորդ ամսվա վերջում: Չեն մուծել: Այսպես կուտակվել են: Ռուսական կողմն իրավունք ուներ և տուգանք ավելացնել և անջատեր գազը», - նշեց նա, հավելելով, որ մերոնք բնականաբար ասել են, որ իրենք ունեն սեփականություն և կտան:
Պատգամավորի խոսքերով, այդ սեփականության գնահատումը կրկին զավեշտ է առաջացնում, քանի որ ոչ թե գնահատվել է իրական արժեքը, այլ հենց պարտքի չափով:
«Պարտքը եղել է 65 մլրդ դրամ, այդքան էլ գնահատել են «ՀայՌուսգազարդը»: Ասել են եղբայր, քո պարտքը էդքանա, էդքան էլ գնահատում ենք: Ղումար խաղալու ժամանակ, երբ դու ուզում ես ժամացույցդ տալ, քեզ հաղթածն ասում է գնահատում եմ այսքան և դու պարտավոր ես իր ասած գնով տալ: Հայաստանը իր արժեքը տվել է դրա փոխարեն: Եվ գազը չի կտրվել հենց այդ պատճառով», - պարզաբանեց նա:
Մանուկյանի խոսքերով, ՓԲԸ-ն որպես պարտքի միջոց տալու իրավունք իրենք չունեին: Մյուս զավեշտը, ըստ պատգամավորի, կայանում է նրանում, որ կառավարությունն այդտեղ ունի քսան տոկոս սեփականություն, սակայն վճարել է պարտքն ամբողջությամբ:
«Այն բլեֆը, որ էժան գներով գազ է մատուցվել, սուտ է: Բլեֆ է, դա խարդախություն է: Սա է այն ինչ կարողացել եմ բացահայտել», - նշեց նա: