Սկանդալները կարող են մեծ հարված հասցնել մարդկանց հեղինակությանն ու կարիերային:
Չարլի Չապլին
Չարլի Չապլինի գործունեությունը կինոարդյունաբերության ոլորտում սկսվեց 1914 թ.-ին և շարունակվեց մինչև 1967 թ.-ը: Նրա հետ կապված բազում սկանդալներ կան: Նրա կենսագրության հայտնի դրվագներից մեկը նրա արտաքսումն էր ԱՄՆ-ից: ԱՄՆ կառավարությունը վաղուց բացասական վերաբերմունք ուներ Չապլինի քաղաքական հայացքների հանդեպ: 1952 թ. սեպտեմբերին Չապլինը մեկնեց Եվրոպա` «Բեմեզրի լույսերը» ֆիլմի հետ կապված աշխատանքներով զբաղվելու համար: Նրա մեկնումից երկու շաբաթ անց, ԱՄՆ-ի գլխավոր դատախազը կարգադրեց իմիգրացիոն ծառայություններին թույլ չտալ Չապլինին կրկին մուտք գործել ԱՄՆ:
Այս մասին իմանալով` կինոաստղն ասել է. «Հետադիմական խմբերի կողմից ստահոդ լուրեր են տարածվել իմ մասին: Այդ խմբերն Ամերիկայի դեղին մամուլի օգնությամբ անառողջ մթնոլորտ են ստեղծել, որում լայնախոհ անհատներին առանձնացնում են ու հետապնդում…»:
Չապլինը Հոլիվուդ վերադարձավ 1972 թ.-ին: Այդ ժամանակ ԱՄՆ կառավարության հետ նրա հարաբերություններն արդեն հարթվել էին: 1972 թ.-ին Չապլինն արժանացավ Օսկար մրցանակի: Ի վերջո, ԱՄՆ-ում թույլատվեց ազատորեն ցուցադրել նրա «Բեմեզրի լույսերը» կինոնկարը:
Փեգ Էնթվիսլ
1932 թ.-ի սեպտեմբերի 16-ին Էնթվիսլը գիտակցեց, որ իր դերասանական կարիերան տապալվել է: Նախորդ երկու տարիներին նա միայն մի դեր էր խաղացել, և կինոստուդիան հրաժարվել էր երկարաձգել նրա պայմանագիրը: Այդ երեկո նա որոշեց մի վերջին անգամ այցելել այն վայրը, որտեղ դրված էր Հոլիվուդի նշանը: Նա հանեց վերարկուն, խնամքով ծալեց այն ու դրեց հատակին: Վերարկուի կողքին դրեց իր պայուսակը: Նա մագլցեց աստիճանով և հասավ «H» տառի գագաթին: Այնտեղից նա ցած նետվեց ու մահացավ: Երկու օր անց մի անցորդ գտավ նրա անշնչացած մարմինը: Էնթվիսլի պայուսակում հետևյալ գրությունն էր դրված. «Ես երևի վախկոտ եմ: Ես ցավում եմ ամեն ինչի համար: Եթե շատ ավելի վաղ արած լինեի այս քայլը, այդքան տառապանքների միջով չէի անցնի»:
Էրոլ Ֆլին
1942 թ.-ի հոկտեմբերի 16-ին ոստիկանները ձերբակալեցին Ֆլինին`մեղադրելով նրան 17-ամյա Բեթթի Հանսենի նկատմամբ սեռական ոտնձգություններ գործելու մեջ: Դերասանը ազատություն ստացավ` վճարելով 1000 դոլար գրավ:
Հանսենը մտքին դրել էր մուտք գործել Հոլիվուդ: Նա իրավապահ մարմիններին բացատրեց, թե ինչպես էր լքել Նեբրասկայի իր բնակարանը, խոստովանեց, որ մի քանի կինոստուդիաների աշխատակիցների հետ սիրային հարաբերություններ էր ունեցել` հուսալով, որ նրանցից մեկը իրեն կհրավիրեր մասնակցելու սեպտեմբերի 27-ին կայանալիք «Bel Air» խնջույքին: «Դա մի խնջույք էր, որի մասնակիցները լողում, պարում ու լավ ժամանակ են անցկացնում: Այդ խնջույքը տեղի էր ունենալու իմ աշխատանքի ժամին, իսկ տնօրենս ինձ թույլ չէր տալիս աշխատանքից բացակայել: Ես դուրս եկա աշխատանքից, որպեսզի գնամ այդ խնջույքին»: Հանսենը պատմել է, որ մի քանի բաժակ կոկտեյլ խմելուց հետո, թույլ է տվել Ֆլինին իրեն տանել վերևում գտնվող ննջասենյակը, որտեղ նրանք ինտիմ հարաբերություններ են ունեցել: «Դա անշուշտ եղել է իմ համաձայնությամբ»,-ասել է Հանսենը: Նա պնդել է, որ երբևէ որևէ մեկին մեղադրանք առաջադրելու միտք չի ունեցել: Ոստիկանություն դիմել էր Հանսենի քույրը, ում հետ էլ վերջինս բնակվում էր:
Ատենակալները ինը կին և երեք տղամարդ էին: Երկար քննարկումներից հետո նրանք որոշեցին արդարացնել Ֆլինին: Արդարացվելուց հետո դերասանն ասաց. «Հիմա իմ վստահությունը դեպի ամերիկյան արդարադատությունը վերականգնվեց: Զուր չէ, որ ես Ամերիկայի քաղաքացի դարձա: Այս արդար դատավարությունը դրա վկայությունն է: Ես ցանկանում եմ շնորհակալություն հայտնել բոլոր նրանց, ովքեր դատավարության ժամանակ իմ կողքին են եղել»: Դատավարությունը բացարձակապես չվնասեց Ֆլինի կարիերային կամ հեղինակությանը:
Ինգրիդ Բերգման
Ինգրիդ Բերգմանը 1944 թ.-ին արժանացել էր Օսկարի մրցանակի, իսկ 1949 թ.-ին խաղացել էր Ժաննա դ՛Արկի դերը: Բերգմանը ռեժիսոր Ռոբերտո Ռոսելինիին հանդիպել էր 1949 թ.-ին: Նրանք սիրահարվեցին իրար, ինչի պատճառով էլ Բերգմանն ամուսնալուծվեց իր 13 տարվա ամուսնուց` Փեթեր Լինդսթրոմից, ումից 10 տարեկան դուստր ուներ: Ամուսնալուծությունից մի քանի օր անց լույս աշխարհ եկավ Ռոսելինիի ու Բերգմանի որդին` Ռոբերտը:
Պատմությունն ԱՄՆ-ում արագորեն տարածվեց և բարոյականության ինքնակոչ պահապանները, կրոնական խմբավորումներն ու կառավարության անդամները սկսեցին անխնա քննադատել Բերգմանին: Նրանք շնություն էին որակում Բերգամնի ու Ռոսելինիի սիրավեպը:
Անգամ Սենատի աշխատակից Էդվին Ջոնսոնն արձագանքեց այս սկանդալային պատմությանը: Նա Ռոսելինիին անվանեց «սիրո գող»` ասելով, որ նա փառքի ամենաբարձր պատվանդանից իջեցրել է Բերգմանին և նրան դարձրել սովորական տնային տնտեսուհի:
Անցավ վեց տարի, ծնվեց ևս երկու երեխա, Բերգմանը ևս մեկ անգամ ամուսնալուծվեց և կրկին նվաճեց Հոլիվուդը: Նա ամուսնալուծվեց 1956 թ.-ին: Նույն տարում նա գլխավոր դեր ստանձնեց «Անաստասիա» ֆիլմում: Այս դերակատարման համար նա երկրորդ անգամ արժանացավ Օսկար մրցանակի: 1972 թ.-ին Չարլզ Փերսին պաշտոնապես ներողություն խնդրեց Բերգմանից, ինչն ամրագրվեց Կոնգրեսի գրանցամատյանում:
Թոմաս Ինս
Ըստ պաշտոնական վարկածի` Ինսը մասնակցել է մի խնջույքի, որը 1924 թ.-ի նոյեմբերի 16-ին անցկացվում էր Վիլիամ Ռենդոլֆ Հերստի զբոսանավում: Հյուրերի թվում էին Հարսթզի սիրուհի Մարիոն Դեյվիսը, Չարլի Չապլինը, Էլինոր Գլիննը և Դանիել Կարսոն Գուդմանը: Ինսն այդ երեկո մարսողական խնդիրների պատճառով իրեն շատ վատ էր զգում, և Գուդմանը նրան զբոսանավից դուրս է տանում: Նրանք գնացքով ուղևորվում են Լոս Անջելոս և սենյակներ վարձում Դել Մարի հյուրանոցում: Ինսի կինը` Նելլը, տեղեկանալով ամուսնու վիճակի մասին, գնաց հյուրանոց: Մինչև Ինսին տուն տեղափոխելը հյուրանոց բժիշկ կանչեցին: Նոյեմբերի 19-ին Ինսը մահացավ սրտամկանի կաթվածից:
Հետագայում շշուկներ էին պտտվում այն մասին, որ Թոմաս Ինսն ոչ թե սեփական մահով է մահացել, այլ սպանվել է: Ասում էին, որ զբոսանավի վրա վիճաբանություն է ծագել, և Հերստը կրակել է Ինսին:
Քանի որ մահվան վկայականում նշված էր, որ Ինսը մահացել է բնական մահով, ո՛չ հետաքննություն է անցկացվել, ո՛չ էլ դիահերձում: Հուղարկավորության արարողությունը տեղի ունեցավ նոյեմբերի 21-ին, և նրա աճյունը այրեցին: Նելլ Ինսը կարճ ժամանակ անց մեկնեց Եվրոպա, իսկ խնջույքին մասնակցած բոլոր հյուրերը հակասական վկայություններ էին տալիս դեպքի մասին: Հենց այդ պատճառով էլ մարդկանց կասկածներն ավելի խորացան, և շատերը սկսեցին հավատալ, որ Թոմ Ինսն իր բնական մահով չի մահացել: