Գրիգորյան եղբայրների կողմից «սեփականաշնորհված» Արարատի մարզում և հատկապես ծննդավայր Ավշար գյուղում դեկտեմբերի 15– ին սպասվում են համայնքի ղեկավարի ընտրություններ, ավշարցիները նորից ահուդողով են լցվել նախկին գյուղապետի մոտալուտ վերադարձի փաստով։ Ավշարի գյուղապետի միակ թեկնածուն Արարատի մարզպետ Արամայիս Գրիգորյանի եղբայր անկուսակցական Սուրիկ Գրիգորյանն է, նույն ինքը՝ նախկին գյուղապետը։
Նախօրեին Հրապարակ թերթը մի քանի հարց է տվել Արարատի մարզպետ Արամայիս Գրիգորյանի եղբորը՝ Աժ պատգամավոր Արայիկ Գրիգորյանին։
-Ինչո՞ւ այդպես ստացվեց, որ Ձեր եղբայրը կրկին առաջադրեց իր թեկնածությունը և մնաց միայնակ։
-Ինչ իմանամ, շատ են սիրում, շատ են հարգում, երևի դրանից է, էլ ինչից պետք է լինի։
-Իսկ ինչո՞ւ նախկին գյուղապետը հրաժարական տվեց։
-Առողջական խնդիրների պատճառով։
-Ասում են՝ հարկադրված է եղել լքել պաշտոնը, որովհետև Ձեր ընտանիքը նրան պարտադրել է որոշ հողեր սեփականաշնորհել ձեզ և նման այլ գործարքներ։
-Սուտ լուրեր են, նման բան չկա։
-Չե՞ք պարտադրել։
-Ոչ, ոչ, ոչ, ոչ։ Մեր համագյուղացիներին մենք չենք պարտադրում։ Ընդհանրապես ոչ մեկի չենք պարտադրում։ Ես ասում եմ՝ հրաժարականը հիվանդության պատճառով է։
-Որքանով տեղյակ եմ, երիտասարդ տղա էր նախկին գյուղապետը, ի՞նչ հիվանդություն ուներ։
-Դե, ինչ-որ ավտովթարի հետևանքներ են։
-Ձեր եղբայրը, որ նորից դառնա գյուղապետ, ասում են՝ այնքան էլ լավ համբավ չի թողել գյուղում։
-Շատ գոհ էին, դե, եթե գոհ չեն, ոնց ա նորից ընտրվում։
Մանրամասները՝ Հրապարակ թերթի այսօրվա համարում։
Արայիկ Գրիգորյանը երրորդ եղբոր՝ գյուղապետի թեկնածուի մասին
