Ռուսաստանի և Ուկրաինայի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Վիկտոր Յանուկովիչը Սոչիում ուրբաթ օրը տեղի ունեցած հանդիպման ժամանակ չեն քննարկել Մաքսային միություն Ուկրաինայի անդամակցության հնարավորության հարցը: Այս մասին հայտնել է Ռուսաստանի նախագահի մամլո-քարտուղար Դմիտրի Պեսկովը:
« Մաքսային միություն Ուկրաինայի անդամակցության հնարավորության հարցը Սոչիում տեղի ունեցած հանդիպման ժամանակ չի քննարկվել: Պուտինը և Յանուկովիչը քննարկել են ֆինանսա-կրեդիտային ոլորտում երկկողմանի հարաբերությունների ներկա վիճակը և հեռանկարները»,- նշել է մամլո քարտուղարը:
Նրա խոսքերով «այս բոլոր թեմաներով քննարկումները մոտակա ժամանակները կշարունակվեն փորձագիտական մակարդակով»:
Հիշեցնենք, որ The Economist շաբաթաթերթի լրագրող Էդվարդ Լուկասը Twitter-ի իր միկրոբլոգում հայտնել է, որ Վլադիմիր Պուտինի և Վիկտոր Յանուկովիչի հանդիպման ժամանակ պայամանավորվածություն է ձեռք բերվել, որի համաձայն Ուկրաինան անդամակցելու է Մաքսային միությանը: