«Էյջ Թի Էլեքթրոնիքս» ընկերության վերլուծաբանները նշում են, որ նոութբուքերի վաճառքի ծավալն այս տարվա երրորդ եռամսյակում 37 տոկոսով գերազանցել է ստացիոնար համակարգիչների վաճառքին, հաղորդում է ընկերության մամուլի ծառայությունը։

Վերլուծաբանների խոսքերով` վաճառքի հիմնական մասն իրականացվել է Երևանում։

«Գրանցվել է նաև Հայաստանի բնակչության կողմից էլեկտրատեխնիկայի` սմարթֆոններ, հեռախոսներ և պլանշետներ, օգտագործման աճի միտում և նոր տեխնոլոգիաների ու ՏՏ ոլորտի նկատմամբ հետաքրքրության բարձրացում», – նշվում է հաղորդագրության մեջ։

«Էյջ Թի Էլեքթրոնիքս» ընկերությունը համակարգչային տեխնիկայի վաճառքով զբաղվող տարածաշրջանային խոշորագույն կազմակերպություններից մեկն է։ Ընկերությունը հիմնադրվել է 2003 թ.–ին, իսկ 2012 թ.–ից այն զբաղվում է նաև կենցաղային տեխնիկայի վաճառքով։

2013 թ.–ին ընկերությունը բացել է Հայաստանում միակ համակարգչային տեխնիկայի հավաքման արտադրամասը, որտեղ ապրանքները մինչ վաճառքի հանվելը անցնում են հատուկ ջերմային և ծրագրային թեստավորում։

Rich Electronics խանութների ցանցն ընդգրկում է 16 խանութ–սրահ ինչպես Երևանում, այնպես էլ Հայաստանի մարզերում։