Ինչպես արդեն տեղեկացրել էինք, այսօր` Մարդու իրավունքների օրվա նախաշեմին, ՄԻՊ-ը հրապարակել է արդար դատաքննության վերաբերյալ արտահերթ զեկույց:
ՄԻՊ տեղակալ Գենյա Պետրոսյանը հայտնեց, որ իրենց ուսումնասիրությունների արդյունքում բացահայտվել են ԱԽ-ում և վճռաբեկ դատարանում ակնհայտ երկակի ստանդարտներ:
ՄԻՊ տեղակալի փոխանցմամբ` նույնաբովանդակ խախտման համար կիրառվել են իրարից ամբողջությամբ տարբերվող կարգապահական տույժեր, և որևէ ձևով հետո չի հիմնավորվել այս տարբարակը:
Որպես օրինակ` Պետրոսյանը ներկայացրեց այն դեպքը, երբ համաներման ակտը սխալ կիրառելու համար մի դատավորին տալիս են նախազգուշացում կարգապահական տույժը, մի շարք այլ դատավորներ, որոնք համաներման ակտը կիրառել են սխալմամբ կիրառել են շատ ավելի խիստ կարգապահական տույժեր` նկատողություն` 6 ամիս շարունակ աշխատավարձի 25 տոկոսից զրկելով, խիստ նկատողություն` 1 տարի ժամկետով 25 տոկոսից զրկելով:

«Չպատճառաբանված դատական ակտի հետ կապված ունենք շատ ակնհայտ դեպքեր. հայտնի դատավոր Սամվել Մնացականյանի գործն է, սրա հետ համեմատել ենք խորհրդի մի շարք այլ որոշումներ, որտեղ չպատճառաբանված դատական ակտ կայացնելու համար տրվել են լրիվ այլ կարգապահական տույժեր, ասենք` նախազգուշացում, նկատողություն: Իսկ դատավոր Սամվել Մնացականյանի դեպքում կիրառվեց կարգապահական պատասխանատվության ամենախիստ տեսակը` խորհուրդը դիմեց նախագահին դատավորի լիազորությունները դադարեցվելու մասին, և այդպես էլ եղավ»,- հայտնեց Պետրոսյանը:

Անդրադառնալով Վճռաբեկ դատարանի գործերի ուսումնասիրության արդյունքներին` ՄԻՊ տեղակալը հայտնեց, որ հայտնաբերվել են բազմաթիվ երկակի ստանդարտների դեպքեր: 

«Երկու անգամ փաստաբանների կողմից դատադուլ հայտարարվեց հենց Վճռաբեկ դատարանի այս գործունեության հետ կապված: Հիմնական խնդիրը կայանում էր նրանում, որ Վճռաբեկ դատարանը չէր պատճառաբանում, թե ինչու է վերադարձվում տվյալ բողոքը, իսկ մեկ այլ դեպքում բողոքն ընդունում է վարույթ: Դուք գիտեք, որ գործերի 90 տոկոսից ավելին Վճռաբեկը վարույթ չի ընդունում: Հենց այստեղ ենք իրականացրել մեր ուսումնասիրությունները` փորձելով հասկանալ, թե ինչ չափանիշներով է առաջնորդվում Վճռաբեկ դատարանը այդ գործը վարույթ ընդունելու կամ չընդունելու որոշումը կայացնելիս»,- իր խոսքում նշեց Պետրոսյանը` նշելով, որ իրենք հանգել են այն եզրակացության, որ այդ չափանիշները մեծ մասամբ հնարավոր չէ բացահայտել:
Պետրոսյանի հավաստմամբ` գործերը վերադարձնելու որոշումները հիմանականում կրում են տիպային բնույթ:

ՄԻՊ ուսումնասիրությունները թույլ են տվել ենթադրելու, որ ԱԽ-ի կողմից կոնկրետ խախտվում են օրենքի և Սահմանադրական դատարանի պահանջները, և Խորհուրդը չի պատճառաբանում վարույթ չընդունելու իր որոշումները:

ՄԻՊ-ի կողմից տրամադրված զեկույցում ներկայացվում է Կարեն Անդրեասյանի նախաբանի խոսքը, որում ասվում է` «Եթե Վճռաբեկ դատարանը լիներ վստահելի, ապա Վարդան Պետրոսյանի վթարի, Ավետիք Բուդաղյանի սպանության, Հարսնաքարում Վահե Ավետյանի սպանության դեպքերում ամեն քաղաքացի չէր փորձի դառնալ դատավոր, փոխարենը կսպասեր Հայաստանի դատարանի արդար վճռին: Եթե Վճռաբեկ դատարանն արդար գործեր, ապա Երևանում տրանսպորտի գնի թանկացման, Կոմիտաս 5-ի խնդիրների, Փակ շուկայի ապօրինի շինարարության դադարեցման, Մարցի, Թռչկանի ու այլ վիճելի ՀԵԿ-երի կառուցումը դադարեցնելու, Տիգրան Առաքելյանի պաշտպանության, Լյուքս Ստեփանյանի և այլ զորակոչիկների սպանության բացահայտման, Թեղուտի բնապահպանական խնդրի լուծման համար մարդիկ արդարադատություն չէին փնտրի փողոցներում:

Եթե վճռաբեկ դատարանի և նրա երկու պալատների նախագահներ Արման Մկրտումյանը, Դավիթ Ավետիսյանն ու Երվանդ Խունդկարյնաը պատշաճ գործեին, ապա դատական անօրեն վճիռներով հազարավոր սովորական մարդկանցից չէին խլի տունը, փողը, աշխատավարձը, սեփական երեխային, բանտերում չէին հայտնվի անմեղ մարդիկ, իսկ հանցագործները չէին մնա ազատության մեջ»: