Առեղծվածային կալանքի տակ գտնվող Մարտին Ծերունյանի կինը` Սուսաննա Ասատրյանը YerevanNews.am–ի հետ զրույցում հայտնեց, որ այսօր ՄԻՊ-ում կայացած ասուլիսին մասնակցության ցանկություն է հայտնել, սակայն ՄԻՊ-ի աշխատակիցները չեն թույլատրել` պատճառաբանելով, որ ասուլիսի ֆորմատը նման հարցերով դիմելու համար չէ:
Հիշեցնենք, որ Մարտին Ծերունյանն արդեն մոտ 8 ամիս է` գտնվում է կալանքի տակ, որի պատճառների մասին դեռևս ոչ ոք տեղեկացված չէ. հայտնի չէ, թե որն է Ծերունյանի հանցանքը, ինչի պատճառով էլ կալանավորվել է: Վերջինիս պաշտպան Սամվել Ջաղինյանը չի կարողացել պարզել, թե ինչու է կալանավորվել իր վստահորդը:
Մեզ հայտնի է նաև, որ մինչ այսօր Ծերունյանը հարցաքննվել է ընդամենը 3 անգամ, որոնցից 2-ը` կալանքի երկարացման ժամկետի մասին տեղեկացվելու նպատակով:
Ծերունյանի կինը մեզ հայտնեց, որ նամակով դիմել է ՀՀ Նախագահին, որից դեռևս պատասխան չունի, Գլխավոր դատախազին, որից եկել է ծանուցում, որ գործը կուղարկվի համապատասխան մարմիններին, ինչպես նաև ՄԻՊ-ին, որին պետք է կցվեն Նախագահին և Դատախազին ուղարկված նամակները:
Սուսաննա Ասատրյանը մեզ հայտնեց, որ ամուսնու առողջական վիճակը շատ վատ է, քանի որ նա ուներ խնդիրներ, իսկ այս պահին վիճակն ավելի է վատացել: Կնոջ համար անհասկանալի է, թե ի՞նչ պետք է չաներ Ծերունյանը, որ արել էր և ի՞նչ պետք է աներ, որ չէր արել:
Ասատրյանի փոխանցմամբ` իրենք ոչ մի կերպ չեն կարողանում կապ հաստատել Ծերունյանի հետ: