Այսօր armsport.am կայքը հոդված էր հրապարակել, ըստ որի, սկսվել է Հայաստանի 2013 թվականի լավագույն մարզիկի քվեարկությունը, սակայն ինչպես հաղորդում էր կայքը, այդ ցուցակում նշված չէ ոչ մի ֆուտբոլիստի անուն, որն էլ առաջացրել է բազմաթիվ սպորտասեր հասարակության դժգոհությունը:

YerevanNews.am-ը փորձեց տեղեկություն ստանալ ՀՀ Uպորտի և երիտասարդության հարցերի նախարարության բարձրագույն նվաճումների քաղաքականության վարչության պետ Նարինե Շահբազյանից, ով մեզ հետ զրույցում նշեց, որ թյուրիմացություն է տեղի ունեցել և պարզաբանեց իրողությունը:

Նրա խոսքերով, հրապարակված ցուցակը ոչ թե Տարվա լավագույն մարզիկի թեկածուների ցուցակներն էին, այլ այն մարզիկների, ովքեր ըստ Կառավարության 2001թ. մայիսի 29-ի 462 որոշմամբ կարող են ստանալ պետական պարգև:

«Դա ուղղակի պետական պարգևատրության մասին է խոսքը, այսինքն` օլիմպիական խաղերում, աշխարհի, եվրոպայի ունիվերսիադաներում առավել բարձր ցուցանիշներների հասած մարզիկները, որոնք տարվա ընթացքում ցույց են տվել լավ արդյունքներ և զբաղեցրել են 1-3 հորիզոնականներ, ստանալու են պետական պարգևատևություն: Թե դուք դրանցից կընտրեք այլ մարզիկներ, թե մեկ այլ ցուցակից, դա արդեն մեր գործը չէ», - նշեց նա:

Շահբազյանի խոսքերով, կոնկրետ այս ցուցակում կարող էր 22 անունի փոխարեն լիներ նաև 122 անուն, քանի որ սա ընդամենը «մեծահասակ մարզիկների մասին է խոսքը, ովքեր արժանացել են մեդալների և այս ցուցակի մեջ չեն մտնում երիտասարդները և պատանիները»:

YerevanNews.am-ը փորձեց տեղեկատվություն ստանալ նաև մարզական լրագրողների ֆեդերացիայի նախագահ Յուրա Ալեքսանյանից: Նա մեզ հետ զրույցում նշեց, որ Սպորտի և երիտասարդության հարցերի  նախարարությունն այս տարի քննարկում է անցկացրել, որին իրենք նույնպես մասնակցել են:

«Առաջարկություն արեց մարզական լրագրող Վարդան Թադևոսյանը, որ ավելի լավ է նախարարությունը տա անվանի լավագույն արդյունքների հասած մարզիկների ցանկը` աղմուկից խուսափելու համար: Մենք էլ հարցաթերթիկին համաձայն իրենց տված ցուցակը ներկայացրել ենք և գրել ենք, որ նախարարությունն այս տարի փորձնական է ներկայացնում», - նշեց նա:

Անդրադառնալով Շահբազյանի այն դիտարկմանը, թե դա (ՀՄԼՖ-ին նախարարության աշխատակցի կողմից ներկայացված 22-հոգանոց ցանկը) միայն պարգևատրվողների անուններն են, նա նշեց.

«Չէ՞ որ պարգևատրվողների ցուցակն ավելի մեծ է լինում, մեզ այդքան ցուցակ չեն տվել: Բա 22 հոգի ե՞ն պարգևատրում: Թող 467-ի տան: Մենք այդպիսի ցուցակ չունենք: Եթե ֆուտբոլիստի անուն չեք նշել, ասեք ներողություն որ չենք նշել` կավելացնենք: Էտեղ իրենց պագոնները կընկնե՞ն», - նշեց նա:

Նա նշեց, որ այդ ցուցակը ներկայացրել է Սպորտի նախարարությունը և իրենք մեղավոր չեն, որ ֆուբոլիստների անունները ներկայացված չեն: «Հիմա ես ի՞նչ անեմ, ասեք անեմ», - եզրափակեց նա:

Ահա թե, ովքեր են լավագույն մարզիկի կոչման հավակնորդներն` ըստ «այդ չարաբաստիկ ցուցակի», որոնց միջև  պետք է ընտրություն կատարեն ՀՄԼՖ լրագրողները:

Ազատ ոճի ըմբշամարտ
Դավիթ Սաֆարյան- Աշխարհի եւ Եվրոպայի չեմպիոն, Ունիվերսիադայի փոխչեմպիոն
Մուսա Մուրթազալիչեւ-Եվրոպայի փոխչեմպիոն

Հունահռոմեկան ոճի ըմբշամարտ
Արթուր Ալեքսանյան- Եվրոպայի չեմպիոն, աշխարհի եւ Ունիվերսիադայի փոխչեմպիոն
Վաչիկ Եղիազարյան-Եվրոպայի բրոնզե մեդալակիր
Արթուր Շահինյան-Եվրոպայի բրոնզե մեդալակիր
Արսեն Ջուլֆալակյան-Աշխարհի առաջնության եւ Ունիվերսիադայի բրոնզե մեդալակիր
Ռոման Ամոյան-Աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր
Մաքսիմ Մանուկյան-Ունիվերսիադայի փոխչեմպիոն

Բռնցքամարտ
Արամ Ավագյան- Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր
Հենրիկ Մոքոյան-Ունիվերսիադայի բրոնզե մեդալակիր
Արթուր Քիրաջյան-Ունիվերսիադայի փոխչեմպիոն

Սպորտային մանրամարզություն
Արթուր Դավթյան- Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր

Սամբո
Աշոտ Դանիելյան- Աշխարհի չեմպիոն
Տիգրան Կիրակոսյան – Աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր, Ունիվերսիադայի չեմպիոն, Եվրոպայի փոխչեմպիոն
Մհեր Կարապետյան – Ունիվերսիադայի բրոնզե մեդալակիր
Հակոբ Առաքելյան – Ունիվերսիադայի բրոնզե մեդալակիր
Երջանիկ Կարապետյան- Աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր
Սոսե Բաղդասարյան – Աշխարհի եւ Եվրոպայի առաջնությունների բրոնզե մեդալակիր
Մավրիկ Նասիբյան- Աշխարհի եւ Եվրոպայի առաջնությունների բրոնզե մեդալակիր

Շախմատ
Զավեն Անդրիասյան- Ունիվերսիադայի արծաթե մեդալակիր
Լիլիթ Մկրտչյան- Եվրոպայի անհատական առաջնության բրոնզե մեդալակիր

Լավագույն թիմերը

ՀՀ հունահռոմեական ըմբշամարտի հավաքական-Եվրոպայի առաջնությունում թիմային հաշվարկում գրավել է երրորդ տեղը,

Ֆուտբոլի Հայաստանի չեմպիոն՝ Գյումրիի «Շիրակ» - Չեմպիոնների լիգայում հաղթահարել է որակավորման առաջին փուլի արգելքը,

Ֆուտբոլայի Հայաստանի գավաթակիր՝ Երեւանի «Փյունիկ»- Եվրոպա լիգայում հաղթահարել է որակավորման առաջին փուլի արգելքը: