Գլենդելն իսկական դրախտավայր է ու սարսափելի հյուրընկալ է հատկապես հայրեի նկատմամբ: Հայաստանից նոր տեղափոխվածի համար հրաշքներն այստեղ ամեն քայլափոխի են՝ փողոցում քեզ ժպտացող և ոնցությունդ հարցնող անծանոթից մինչև քաղաքի լավագույն ռեստորաններում խորոված խժռող, դրա հետ ոչ մի լիտր ալկոհոլ չօգտագործող և ճաշի սեղանը թողնող ու ռեստորանից 100 մետր հեռավորության վրա բոլորից թաքուն ծխարան որոնող հաստափոր հայ:

Սա հայերի ամենամեծ խտություն ունեցող քաղաքներից է ԱՄՆ-ում ու հայերն էլ այստեղ շատ լավ են ապրում: Չնայած քաղաքն այս գերմանացիներն են հիմնել ու սվաստիկաներն այստեղ ամենուր են, բայց հայերին հաջողվել է քաղաքն ամբողջությամբ հայաֆիկացնել ու այնպես անել, որ could you help me please արտահայտությանդ քեզ ամենուր պատասխանեն «հայ ե՞ս ապեր» կարճ տեքստով: Հայերի մեծամասնությունն այստեղ լավ վարձատրվող աշխատանք, կամ սեփական բիզնես ունի: Թանկարժեք ավտոմեքենաներ, շքեղ բնակարաններ՝ ինչքան ուզես:

Այս քաղաքի հետ առաջին ծանոթությունիցդ հետո գլխումդ քեզ ցավեցնող միտք է ծնվում, որ գուցե սա է հենց այն ավելի լավ Հայաստանը, որի մասին շատերս երազում ենք Երևանում: Հայաստան, որը հայոց հողում կառուցել գուցե երբեք չկարողանանք: Այստեղ ամեն ինչ ու ամեն ոք չափի մեջ է: Սա մի վայր է, որտեղ մերոնց՝ օրենքները շրջանցելու սերը և բոլորից շատ ու բոլորից մեծ ունենալու ցանկությունները բախվում են ամերիկյան կարգուկանոնի ու օրենքների սառը պատերին ու ամեն ինչ զարգանում է հանդարտ ու բնական հունով:

Գլենդելում՝ այս փոքրիկ Հայաստանում ամեն բան ուրիշ է: Փոխված ու դեֆորմացված է անգամ երջանկության շատերի ձևակերպումը: Կենցաղիդ մեջ ներծծված ամերիկյան մշակույթը քեզ ստիպում է բացարձակապես այլ բաներով ապրել ու այլ բաներից ուրախանալ: Ցավալիորեն նկատում եմ, որ լիարժեք երջանկության բանաձև հանդիպածս և ոչ մի հայի մոտ չգտա: Հայաստանն ու մի օր հայրենիք տեղափոխվելու մասին մտքերը կարծես դրոշմված են անխտիր բոլոր հայերի աչքերում: Չզարմանաք, անգամ նրանց, ովքեր Հայաստանից զզված ու երբեք հետ չնայելու մտքով են այստեղ եկել:

Հայերը ոչ միայն այս քաղաքում, այլև ողջ ԱՄՆ-ում կարգապահ քաղաքացիների համբավ ունեն: Հայերին այս երկրում սիրում են, նրանց հետ հաշվի նստում: Նպատակասլաց ու կոմֆորմիզմը մերժող հայի համար ԱՄՆ-ն անսահման հնարավորություններ է խոստանում: Խոստանում է, բայց հաջողությունները քո վրա լցնում է չափավոր ու երբեք ոչ միանգամից: Այստեղ անխտիր բոլորը գալիս են արագ տեմպերով միլիոնատեր դառնալու հաստատ մտքով, ապրում են գիտակցումով, որ լավ ապրելու հնարավորությունդ ինքդ ես վաստակելու ու դա անելու ես երկար ժամանակում, ապա որպես կանոն մոռանում են, որ որոշել էին գումար հետ գցելուց հետո վերադառնան հայրենիք ու շարունակ վազում են նոր գումարների հետևից: Բայց մի օր նրանք այնուամենայնիվ վերադառնում են, բայց ցինկապատ խորանարդի մեջ հորիզոնական դիրքով պառկած:

Այստեղի հայ համայնքը շատ բազմազան է ու անչափ հետաքրքիր: Համախմբած տեղի հայերին հաստատ չես ասի: Միմյանց հետ կապերը այստեղ քիչ են, իսկ հայկական ավանդական բարձր պարիսպներին այստեղ փոխարինում են տան շուրջկողմը ձգվող հոգեբանական պարիսպները, որտեղից ներս անգամ քո հայրենակիցն է հազվադեպ ներս թափանցում:

ԱՄՆ-ի հայերի հետ շփումից չես ձանձրանում, բայց ձանձրանալ կարող ես այն փաստից, որ այստեղ տեղափոխված անխտիր բոլորը մնացել են այն տարեթվում, որում տեղափոխվել են ԱՄՆ: Շատերը կարծես սառել են ժամանակում: Լսում են այն երգերը, որոնք լսում էին հարենիքում, հագնվում այն ոճով, որով հագնվում էին ու երբեք չեն դավաճանում արդեն իրենց ծանոթ սննդատեսակներին: Կարոտի զգացումն այս ամենն իհարկե բացատրում է, իսկ փաստը, որ այստեղ տեղափոխվածները փորձում են հակառակվել ու մերժել ամերիկյան բարքերը, իսկ Հայասատնի զարգացումներին կամ չեն հետևում, կամ էլ հետ են մնում դրանցից, ամբողջական է դարձնում քարացած ու չզարգացող մարդու այն խճանկարը, որ այդքան հաճախ հանդիպում է այսօր:

ԱՄՆ-ի հայերը շատ են ուտում, այստեղ խոզի մատերի իսկական պաշտանմունք կա: Այս մասին կպատմեմ հաջորդ անգամ:

 

Աղբյուր՝ Ժամանակավոր էմիգրանտի օրագրեր