Թուրք պաշտոնյաները նշել են, որ Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուի` Հայաստան կատարվելիք այցից չպետք է մեծ սպասումներ ունենալ, սակայն միաժամանակ նշել են, որ գոյություն ունի հարաբերությունները կարգավորելու հնարավորություն:

Եթե անգամ հանդիպումը ոչ մի հստակ արդյունք չունենա, այցը շրջադարձային կարելի է համարել, քանի որ այն Դավութօղլուի առաջին այցն է Երևան չորս տարի առաջ հարաբերությունները կարգավորելու ջանքերի ձախողվելուց հետո:

Թուրք պաշտոնյաները, խոսելով Hürriyet Daily News պարբերականի հետ նշել են, որ դեռևս պարզ չէ, թե արդյո՞ք Դավութօղլուն և նրա հայ գործընկեր Էդվարդ Նալբանդյանը երկկողմանի հանդիպում կունենան սևծովյան տնտեսական համագործակցության շրջանակներում: «Մենք չեք գնում այնտեղ ինչ-որ հատուկ առաջարկներով»,- պարբերականին հայտնել է թուրք բարձրաստիճան պաշտոնյան` մասնավորապես անդրադառնալով թուրքական լրատվամիջոցներում տարածված այն լուրերի, որ Թուրքիան պատրաստվում է առաջարկ  կատարել Հայաստանին սահմանները բացելու փոխարեն:«Ավելին այդպիսի առաջարկությունը կլինի սխալ և անխոհեմ»,- ավելացրել է թուրք դիվանագետը անանուն մնալու պայմանի ներքո:

«Այնուամենայնիվ, եթե այդպիսի երկկողմանի հանդիպում տեղի ունենա, մենք կներկայացնենք տարածաշրջանում խաղաղություն հաստատելու, այդ թվում մեր երկկողմանի հարաբերությունների կարգավորման հետ կապված մեր տեսանկյունը: Այնուհետև հնարավոր է ներկայացվեն այն քայլերը, որոնք հնարավոր է նախաձեռնվեն այդ ուղղությամբ»,- նշել է նա: Միաժամանակ պաշտոնայանները նաև նշել են, որ Դավութօղլուն Երևան այցի շրջանակներում չի պլանավորում այցելել Հայոց ցեղասպանության հուշահամալիր:

«Նախարարը մեկնում է Երևան Սևծովյան տնտեսական համագործակցության հանդիպման շրջանակներում: Հուշահամալիրի այցելությունը օրակագի մեջ չի մտնում»,- նշել է դիվանագետը:

Հիշեցնենք, որ Հայաստանի ԱԳ նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը, մեկնաբանելով Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուի վերջին հայտարարությունները հայ-թուրքական հարաբերությունների մասին, խորհուրդ էր տվել թուրք նախարարին «օգտագործել պատեհ առիթը և Երևանում այցելել Հայոց ցեղասպանության հուշահամալիր` լռությամբ հարգանքի տուրք մատուցելու ցեղասպանության զոհերի հիշատակին»: