«Ես մեկ ամսվա պատգամավոր եմ եւ իմ աշխատանքային օրակարգով աշխատում եմ որպես պատգամավոր. այս պահին պլաններ չունեմ իմ աշխատանքը փոխելու»,-անդրադառնալով այն հրապարակումներին որ ՀՀԿ նիստում որոշում է կայացվել Շիրակի մարզպետի պաշտոնում նշանակել ՀՀԿ-ական ներկայացուցիչ Արման Սահակյանին` Գալա-ի լրագրողի հետ զրույցում նշել է պատգամավորը:
Արման Սահակյանը հայտնել է, որ ինքը ՀՀԿ նիստի մասին տեղեկություններ չունի: «Ինձ որեւէ առաջարկ չի եղել», -հավելել է նա:
Առաջարկության դեպքում կընդունե՞ք արդյոք, հարցին Արման Սահակյանը ասել է. «Այդ տեղեկությունները ես էլ, անկեղծ ասած, մամուլից եմ իմանում: Եթե ինչ-որ մեկը թյուր կարծիք ունի, թե Շիրակի մարզպետի աշխատանքը շատ հեշտ է, ապա ուզում եմ հիասթափեցնել: Կարծում եմ, որ այն ամենաբարդ աշխատանքներից մեկն է»:
Անդրադառնալով Շիրակի մարզում ՀՀԿ-ի պարտությանը` Արման Սահակյանը ասել է. «Կարծում եմ, որ ամեն դեպքում այս տարիների ընթացքում մեզ չի հաջողվել ժողովրդին այդ հույսը ներշնչել, գիտենք, որ ամենաբարձր ցուցանիշն է գործազրկության մակարդակով եւ, ցավոք սրտի, մեր ծրագրերը եւ առաջարկները ժողովրդի կողմից չեն ընդունվում»: Ըստ նրա, այդ պարտությունը դժգոհության արտահայտությունն էր:
Արման Սահակյանը հայտնել է, որ իր համար Շիրակի գեներալ մարզպետ Աշոտ Գիզիրյանի հրաժարականը անսպասելի էր: «Ես շատ հարգում եմ Աշոտ Գիզիրյանի որոշումը, որովհետեւ կարծում եմ, որ ինքը գեներալին վայել որոշում կայացրեց, եւ ես հարգանքով եմ վերաբերվում»: