Եվրամայդանի վրա հարձակումը, որը սպասում էին ուկրաինական ընդդիմադիր կուսակցությունները դեկտեմբերի 9-ի գիշերը լույս 10-ին, տեղի չունեցավ: Ոստիկանական հատուկ նշանակության ջոկատները առայժմ սահմանափակվել են միայն ցուցարարների կողմից ավելի վաղ կառուցված բարիկադների վերացմամբ` չհանդիպելով հակառակ կողմից լուրջ դիմադրությամբ: Մոտակա ժամանակները նախագահ Վիկտոր Յանուկովիչի և ընդդիմության ղեկավարների հետ բանակցություններ անցկացնելու համար Կիև են ժամանելու ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Վիկտորիա Նուլանդը և ԵՄ բարձր ներկայացուցիչ Քեթրին Էշթոնը: Մոտակա ժամերին իրավիճակի քննարկման համար կլոր սեղանի շուրջ հավաքվելու են երկրի նախագահը և նրա երեք նախորդները` Վիկտոր Յուշենկոն, Լեոնիդ Կուչման և Լեոնիդ Կրավչուկը:
Սպասվում է, որ ուկրաինական հեռուստաալիքները հեռարձակելու են այդ հանդիպումը, սակայն ժամը դեռևս հստակ հայտնի չէ: Այս մասին հայտնում է Радио Свобода-ն:
Կիևում անցած գիշեր և այսօր առավոտ ոստիկանական հատուկ նշանակության ջոկատները շարունակել են Անկախության հրապարակի սահմաններում գտնվող ցուցարարների կենտրոնների մաքրման գործողությունը:
Բարձրագույն Ռադայի մոտ գտնվող Գրուշեվսկի և Կրեպաստնոյ փողոցներում գտնվող ցուցարարների վրանները և բարիկադների ապամոնտաժումը սկսվել է գիշերվա ժամը մեկից հետո: Ներքին զորքերի զինվորները խորհրդարանի պատգամավորների ներկայությամբ դուբինկաների միջոցով հետ են մղել ցուցարարներին: Լուրջ տուժածներ չկան, սակայն վնասվածք ստացողներ եղել են:
Առավոտյան հատուկ նշանակության ջոկատները ապամոնտաժել են նախագահական նստավայրի մոտ գտնվող վերջին բարիկադները: Ինչպես հայտնում են ընդդիմադիրները, ոստիկանների գործողությունների ժամանակ կրկին սադրիչներ են եղել, որոնք իրենց ցուցաբերել են որպես ակտիվիստներ և իրավապաշտպանների դեմ օգտագործել են արցունքաբեր գազ: Բախումների արդյունքում տուժել է շուրջ 10 ցուցարար և «Բերկուտի» 2 աշխատակից: Եվրամայդանի վրանային ճամբարում գիշերը հանգիստ է անցել:
Կիևի կենտրոնում գտնվող վրանային ճամբարում չեն բացառում, որ «Բերկուտի» և ներքին զորքերի մարտիկները,կարող են արգելապատել Անկախության հրապարակը բոլոր կողմերից, որպեսզի ցուցարարներին զրկեն անհրաժեշտ սննդամթերքից, ջրից և վառելիքից:
Նախօրեին երեկոյան ավտոմատներով զինված հատուկ նշանակության ջոկատների աշխատակիցները հարձակվել են Կիևում գտնվող «Բատկիվշինա» կուսակցության գրասենյակը»: