ՀՀ ԱԺ-ն այսօր քննարկում է «Սոցիալական նպաստների մասին փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը», որը ենթադրում է համակարգային փոփոխություն՝ առանց նպաստի գումարի չափի ավելացման։ Նաև օրենքի նախագծով ընտանեկան նպաստը դառնում է սոցիալական նպաստ։
ՀԱԿ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանից հետաքրքրվեց, թե օրենքի նախագիծն ինչպե՞ս է ազդելու նպաստների գումարի չափի վրա: Փաշինյանը նաև հարցրեց, թե ինչ ազդեցություն կարող է ունենալ օրենքը, և ինչու չի արձանագրված, թե նպաստներով ինչ խնդիր է լուծում։
ՀԱԿ պատգամավորն առաջարկեց նաև օրենքով ամրագրել աղքատության վերին գիծը և նշել, որ օրենքով սահմանված գումարի չափը չի կարող պակաս լինել այդ սահմանված շեմից։ Նախարարը նշեց, թե պետական նպաստների մասին օրենքով հստակեցված է տրամադրման նպատակը և տեսակները:
«Չափերի առումով՝ յուրաքանչյուր տարի չափերը սահմանվում է պետական բյուջեի մասին օրենքով, և այն գործոնները, որոնք հաշվի են առնվում, օրենքով ամրագրված են, այս շրջանակներում դա լրիվ բավարար է»,- նշեց նա։
Նիկոլ Փաշինյանը նշեց. «Այսինքն՝ արձանագրում ենք, որ սոցիալական կենսաթոշակը սահմանում ենք 14.000 դրամ, հաշմանդամինը՝ 19.200, այսինքն՝ սոցիալական վիճակում փոփոխություն տեղի չի ունենում»։ Նախարարը դրական արձագանքեց, ինչից հետո Փաշինյանը նշեց. «Այդ դեպքում ինչի՞ համար ենք այս օրենքն ընդունում: Կանոնակարգում ենք, կանոնակարգում, բայց մարդկանց, քաղաքացու կյանքը չի փոխվում»,-ասաց նա։