Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է ԱՄՆ պետքարտուղարի տեղակալի Եվրոպայի եւ Եվրասիայի հարցերով օգնական Էրիկ Ռուբինին:
Նախագահի մամուլի գրասենյակից հայտնում են, որ նախագահը ողջունել է հյուրին եւ կարեւորել նրա այցը հայ-ամերիկյան հարաբերությունների համակողմանի եւ բազմաբնույթ երկխոսության շարունակականության տեսանկյունից:
Հանդիպմանը երկուստեք բարձր է գնահատվել Հայաստանի եւ Միացյալ Նահանգների միջեւ հարաբերությունների ներկայիս մակարդակը: Զրուցակիցները պատրաստակամություն են հայտնել զարգացնել այդ հարաբերություններն ու երկու երկրների միջեւ ընդլայնել փոխգործակցությունը, որտեղ, կողմերի համոզմամբ, զգալի ներուժ կա:
Հանդիպմանն անդրադարձ է եղել ԼՂ հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացի վերջին զարգացումներին: Սերժ Սարգսյանը եւ ԱՄՆ պետքարտուղարի տեղակալի Եվրոպայի եւ Եվրասիայի հարցերով օգնականը մտքեր են փոխանակել նաեւ տարածաշրջանային եւ միջազգային մի շարք խնդիրների շուրջ: