«Օհանավանի հոգևոր հովիվ Եփրեմ քահանա Զարգարյանը պարզաբանում է ներկայացրել մեր թերթի դեկտեմբերի 5-ի համարում տպագրված «Քահանան օբյեկտ է ուզում կառուցել» հոդվածի առնչությամբ։ Հիշեցնենք, հոդվածում («Հայկական ժամանակ». Քահանան ա՞չք է դրել գյուղացու պապական հողի վրա) Արագածոտնի մարզի Օհանավան գյուղի բնակիչ Սուսաննա Գաբրիելյանի հետ զրույցն է, որտեղ տիկինը պնդում է, որ Եփրեմ քահանա Զարգարյանի բիզնես նպատակների համար խլում են իր ընտանիքի կողմից 20 տարի բարեկարգվող և մշակվող հողամասը։

«Սուտ մի վկայիր»,- Սուսաննա Գաբրիելյանին հիշեցնելով աստվածաշնչյան 10 պատվիրաններից մեկը՝ քահանան Հժ-ին պատմել է, որ Հովհաննավանքում հոգևոր ծառայության նշանակվելուց ի վեր, շուրջ 3 տարի քարոզում է Տիրոջ հանդեպ երկյուղը կորցրած տիկին Սուսաննային, որ չի կարելի մեր նախնյաց գերեզմաններն ապօրինաբար խլել, պղծել և այն վերածել մշակելի տարածքի։

«Գիտակցելով նախկինում վանքապատկան տարածքին վերաբերող խնդրի հույժ կարևորությունը, որ տարիներ անց այնտեղ ոչ մի գերեզման չի մնալու, դիմում-խնդրագրեր եմ ներկայացրել Մշակույթի նախարարության պատկան մարմիններին։ Այս տարվա օգոստոսի 21-ին վարչապետի աջակցությամբ տարածքը դարձյալ վերածվեց հատուկ պահպանման գոտու, ինչից 2006թ. մեկ այլ բարբարոսի քմահաճույքի արդյունքում զրկվել էր։ Զարմանում եմ՝ ինչպես են Սուսաննա Գաբրիելյանին երկար տարիներ պահել Հուշարձանների պահպանության գործակալության մարզային վարչությունում, ով այդպես էլ չի հասկանում, որ հատուկ պահպանման տարածքում անկարելի է որևէ աշխատանք կատարել, առավել ևս գերեզմաններ պղծել և ծառեր տնկել։ Իբրև Սուրբ Հովհաննավանքի հոգևոր հովիվ՝ խնդրում եմ վանական համալիրին հասակակից գերեզմանների պահպանման ապագայով անհանգստացող յուրաքանչյուր հայորդու այցելել 4-13-րդ դարերի սրբավայր և տեսնել Սուսաննա Գաբրիելյանի իրական պատկերը»,-գրել է տեր Եփրեմ քահանա Զարգարյանը»,–գրում է «Հայկական ժամանակ» թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։