ԱԺ Ժառանգություն խմբակցության ղեկավար Զարուհի Փոսստանջյանը «Բնապահպանական և բնօգտագործման վճարների մասին օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրինագծի քննարկման ժամանակ ելույթ ունեցավ և նշեց, որ այս փոփոխություններով կփակվեն փոքր ձկնաբուծարանները, դաշտում կմնան խոշոր տնտեսվարողները: Այս կերպ Փոստանջյանը Հովիկ Աբրահամյանին անուղղակիորեն մեղադրեց ձկնաբուծության ոլորտում բիզնես ունենալու մեջ:
Սա բարկացրեց Հովիկ Աբրահամյանին. նա արտահերթ ելույթ ունեցավ՝ նշելով, որ նիստերի ժամանակ բամբասանքով զբաղվող և ոչ ընկալունակ մարդկանց համար նորից է կրկնում՝ ինքը հորդորում է կողմ քվեարկել օրենքի փոփոխություններին:
Նա նշեց, որ պատգամավորին արգելվում է բիզնեսով զբաղվել, բայց բիզնեսի կառավարման ոլորտում չի արգելվում ներգրավվել:
«Ես չեմ ամաչի հայտարարել, որ ձկնարդյունաբերության ոլորտում ունեմ բիզնես, եթե ունենամ: Որոշ քաղաքական գործիչներ զբաղվում են պատվեր կատարելով իմ դեմ, բայց ինձ համար ևս մեկ պատվիրատու ի հայտ եկավ: Մամուլում կան հոդվածներ, որ ես ունեմ ձկնարդյունաբերության օբյեկտ, պատվիրատուն նստած է այս դահլիճում, իմ ցանկում ևս մեկ պատվիրատու ավելացավ: Դա հարիր չէ պատգամավորին, ես խորհուրդ կտամ զբաղվել իրենց ընտանիքով, իրենց երեխաների դաստիարակությամբ»,- նշեց Աբրահամյանը:
Նա նաև որոշ գործիչների հորդորեց Քրիստոսի դերակատարությունը չստանձնել: «Ամոթ է, ամոթ, բոլորը տեսնում են իրենց ընտանիքի վարքը, իրենց պահվածքը»: Նա կոչ արեց ոչ թե զբաղվել իր նկատմամբ պատվեր կատարելով, այլ այդ գումարն ուղղել մանկատներ, ծերանոցներ, սոցիալապես անապահով ընտանիքներին, «ոչ թե հարստացնեն մամուլի որոշ հաստավիզ ներկայացուցիչների ու լրագրողների»: