Այսօր ԱԺ-ի արտահերթ նստաշրջանի վերջին օրը ելույթով հանդես եկավ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը:

Նա նախ կառավարության անունից շնորհակալություն հայտնեց շահագրգիռ քննարկման համար: Վարչապետը նշեց, որ այս ընթացքում մի շարք առաջարկություններ ընդունվեցին և դարձան քննարկման առարկա, որոնք մոտակա ժամանակներս լինելու են կառավարության ուշադրության կենտրոնում: Նրա խոսքերով, հաջորդ տարվա առանձնահատկությունները ներառված են պետբյուջեի նախագծում:

«Առաջին առանձնահատկությունը կայանում է նրանում, որ մենք ձեզ հետ միասին անդամակցելու ենք Մաքսային միությանը: Մեզ սպասվում է մեծածավալ աշխատանք, որը էական արդյունքներ է ապահովելու մեր տնտեսության զարգացման համար»,- նշեց նա՝ հավելելով, որ ՄՄ-ին անդամակցելով՝ մենք ձեռք ենք բերելու հարաբերական հարաբերություններ թեթև արդյունաբերության ոլորտում:

«Մենք ՄՄ-ի տարածքներում կարող ենք ապահովել նախկինում եղած արտահանման առավելությունը»,- նշեց նա: Հաջորդը, վարչապետի խոսքերով, բիզնես միջավայրի բարելավումը պետք է լինի: «Չնայած նախորդ տարիներին ունեցել ենք նոր ձեռքբերումներ, և համաշխարհային բանկի ռեյտինգով զբաղեցնում ենք 188 երկրների շարքում 37-րդ տեղը, սակայն դա մեզ չի բավարարում և երեք ուղղություններով աշխատանքներ ունենք անելու արդեն հաջորդ տարի»,- նշեց նա: