Այսօր ԱԺ-Կառավարություն հարց ու պատասխանի ժամանակ ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը դիմելով կառավարությանը հիշեցրեց, որ երեկ աշխարհահռչակ հայ ռոք երգիչ Սերժ Թանկյանի նամակին ի պատասխան Սերժ Սարգսյանն ասել էր, որ Սերժ սա պետություն է և այս մտքի համատեքստում ասաց, որ Գեղարքունիքի մարզպետարանի կայք էջում մարզպետը իր շնորհակալությունն է հայտնում քաղաքացիներից Սերժ Սարգսյանի համար ձայներ ապահովելու գործում:
Նիկոլ Փաշինյանը իր հարցում անդրադարձավ նաև երեկ Արտաշատում տեղի ունեցած միջադեպին, որին մասնակից են եղել քաղաքացիական համազգեստով ոստիկաններ, հիշեցրեց, որ նման կեցվածք որդեգրած ոստիկանների մասին դեռևս նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանն ասել էր, թե դրանք կիսահանցագործ դեմքեր են: Նիկոլ Փաշինյանը ընդհանրացնելով իր հարցն ասաց, թե ոստիկանությունն այդ կիսահանցագործ դեմքերի պատասխանատվությունը կրո՞ւմ է, սա պետությու՞ն է, թե՞ չէ և Գեղարքունիքի մարզպետի հայտարարությունը:
Նիկոլ Փաշինյանի հարցին պատասխանելով վարչապետ Տիգրան Սարգսյանը շնորհակալություն հայտնեց պատգամավորին և ասաց, որ մարզպետարանի դեպքն առաջին անգամ է լսում, իսկ ոստիկանության վերաբերյալ վարչապետն ասաց, որ բոլորն են տեսնում, թե ինչպես են քաղաքացիները գնահատում նրանց գործունեությունը:
Նիկոլ Փաշինյանն անդրադառնալով կրկին անգամ Արտաշատի դեպքին ասաց. «Արտաշատը քաղաքական պրոցեսների առումով արդեն երկար ժամանակ շատ տխրահռչակ տեղ է դարձել և ամեն անգամ էստեղ տեղի են ունենում իրադարձություններ, որոնք ցույց են տալիս, որ ըստ ամենայնի իշխանական ինչ-ինչ ուժերի հովանավորմամբ, այո այն դեմքերը, որոնց հետ արտաշատցի ոստիկանապետի (Ալիկ Սարգսյանի) գնահատմամբ դիտարկվում են, որպես կիսահանցագործ, ահա այս դեմքերը շատ ակտիվորեն ներգրավվում են քաղաքական պրոցեսների մեջ և եթե դահլիճում կան մարդիկ, որ Արտաշատում ունեն որոշակի ազդեցություն, ուզում եմ, այդ մարդկանց ուշադրությունը հրավիրել այս ոչ այդքան ուրախ գործի վրա»:
Վարչապետ Տիգրան Սարգսյանն ասաց, որ պատգամավորը քաղաքական գնահատական է տալիս, որի հետ ինքը համամիտ չէ:
ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն էլ հորդորեց, որ պատգամավորը նայի լրատվական կայքերի տեսանյութերը և դրանից հետո կարծիք կազմի, թե ովքեր են օրենք խախտում: