1915 թվականին հայերի «տեղահանումը» անմարդկային է եղել և Թուրքիան երբեք չի խրախուսել այդ քայլը: Այս մասին նշել է Ահմեդ Դավութօղլուն երեկ Հայաստան կատարած այցի ժամանակ: Այս մասին հայտնում է Hurriyet Daily News-ը:
Թուրքիայի փոխարտգործնախարար Ֆերիդուն Սինիրօղլու ուղեկցությամբ Դավութօղլուն այցելել է Երևան Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության հանդիպմանը մասնակցելու համար: Թուրքիայի արտգործնախարարը գագաթնաժողովի ժամանակ հանդիպել է իր հայ գործընկերոջ հետ:
«Մենք շատ գոհ ենք Նալբանդյանի հետ հանդիպումից, այն անկեղծ է եղել: Հիմնական նպատակը ուժեղ հիմքերի վրա բանակցությունների մթնոլորտ ստեղծելն է»,- նշել է Դավութօղլուն հանդիպումից հետո՝ միևույն ժամանակ հերքելով այն լուրերը, որ առաջարկել է Հայաստանին դուրս բերել զորքերը Լեռնային Ղարաբաղի երկու շրջանից:
Դավութօղլուն հույս է հայտնել, որ կոլեկտիվ գիտակցությունը երկու պետության միջև կարող է ստեղծվել «արդար հիշողություն» սկզբունքի վրա:
«Մենք ասում ենք «արդար հիշողություն»: Ես ինկատի ունեմ, որ մենք պետք է իմանանք փաստերը: Այն ժամանակ մենք կտեսնենք, որ հայ-թուրքական հարաբերությունները նման չեն գերմանա-հրեականին: Այն բացահայտելուց հետո դու տեսնում ես տեղահանում, որը, ըստ իս, կատարելապես սխալ պրակտիկա է կատարված Միություն և առաջադիմություն կոմիտեի ներքո Օսմանյան ժամանակաշրջանի կառավարիչների կողմից: Դա անմարդկային է եղել»,- նշել է Դավութօղլուն լրագրողներին տված հարցազրույցի ժամանակ:
Երևանը ցանկանում է, որ Անկարան Առաջին աշխարհամարտի ժամանակ բռնի տեղահանության ընթացքում հայերի զանգվածաբար սպանությունները ճանաչի որպես ցեղասպանություն, սակայն Թուրքիան հաստատակամորեն մերժում է դա կատարել:
«Սակայն երբ դու գրում ես պատմություն՝ հաշվի առնելով տեղահանությունը, ապա կոլեկտիվ գիտակցությունը այս կողմից(Թուրքիայի) ստեղծված այն է, որ հայերը դավաճանել են իրենց ազգին և արժանի են եղել տեղահանման: Մենք պետք է վերացնենք այս երկու կոլեկտիվ գիտակցությունը: Մենք վերացրել ենք այս սխալ գիտակցությունը 2005 թվականին, սակայն հայերը շարունակում են պահպանել այն»,- նշել է Թուրքիայի ԱԳ նախարարը:
«Մեր հիմնական նպատակը հայ-թուրքական սահմանի բացումը չէ, այլ ստեղծել հիմք, որը ճանապարհ կհարթի դեպի համապարփակ խաղաղություն: Այն ունի երեք հիմք: Առաջինը Թուրքիայի և Հայաստանի միջև հարաբերություններն են, երկրորդը՝ հայ-ադրբեջանական հարաբերությունները, այստեղ ընդգրկվում են նաև վրացա-աբխազական կապերը, իսկ երրորդը՝ թուրքերի և հայերի միջև հարաբերություններն են»,- նշել է Դավութօղլուն:
Թուրքիան և Հայաստանը ստորագրել են արձանագրություններ 2009 թվականին ստեղծելու դիվանագիտական հարաբերություններ և բացել փակ սահմանները, սակայն հաջողության չեն հասել տարբեր պատճառներով:
«Եթե այս հենարաններից մեկը վնասված է, այն կարող է ստեղծել տագնապ: Եթե անգամ բացենք Հայաստանի սահմանները, սակայն սկսվի պատերազմ Հայաստանի և Ադրբեջանի միջև, մենք ստիպված կլինենք փակել այն կրկին: Ամենադժվարը ստատուս-քվոյի սառույցի հալեցումն է»,- նշել է նա:
Ահմեդ Դավութօղլուն մեղադրել է նաև հայկական սփյուռքին՝ հայ-թուրքական հարաբերությունները չկարգավորվելու մեջ: «Ես հասկացել եմ, որ եթե չես կարողանում ապահովել սփյուռքի հետ կապերի հիմքեր,այն ճնշում է գործադրում Հայաստանի հետ կապերի վրա և վերջինս առաջ չի գնում»,- նշել է Դավութօղլուն: