Կառավարության վաղվա նիստի օրակարգում ընդգրկված է լինելու Շիրակի մարզպետ Աշոտ Գիզիրյանին պաշտոնից ազատելու հարցը:
«Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 88.1-ին հոդվածով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 1997 թվականի մայիսի 6-ի ՆՀ-728 հրամանագրի 1.7-րդ կետը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է. Աշոտ Գիզիրյանին ազատել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզպետի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն»,- նշված է որոշման նախագծում:
Ազգային ժողովը փետրվարի 27-ին 59 «կողմ», 32 «դեմ» և 2 «ձեռնպահ» ձայներով առաջին ընթերցմամբ ընդունեց ԱԺ կանոնակարգ-օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին հանրապետական պատգամավորներ Դավիթ Հարությունյանի ու Արփինե Հովհաննիսյանի հեղինակած օրինագիծը:
Ըստ այդմ, մեկ հերթական նստաշրջանի ընթացքում քվեարկությունների ավելի քան կեսից պատգամավորի բացակայելն անհարգելի համարելու մասին որոշման կայացումը վերապահվում է ՀՀ Ազգային ժողովի Էթիկայի հանձնաժողովին: Հեղինակների հիմնավորմամբ, դա պայմանավորված է այն հանգամանքով, որ Էթիկայի հանձնաժողովը հանդիսանում է անկախ և անկողմնակալ մարմին, որում ներկայացված են Ազգային ժողովում առկա բոլոր քաղաքական ուժերը:
Ըստ հիմնական զեկուցող` Դ.Հարությունյանի, անձնական պատճառով բացակայության համար ԱԺ կանոնակարգը ներկայումս նախատեսում է երկու դեպք. երբ բացակայելուց առաջ կամ քվեարկությունից հետո` չորսօրյա ժամկետում, և երբ հերթական նստաշրջանի ավարտից հետո` 15-օրյա ժամկետում, իր բացակայության պատճառի մասին պատգամավորը պաշտոնապես տեղեկացնում է Ազգային ժողովի նախագահին: Այս դեպքերում բացակայությունը համարվում է հարգելի, եթե ԱԺ նախագահի կողմից այն համարվել է հարգելի:
«Մեզանում, փաստորեն, ձևավորված է պրակտիկա, երբ ԱԺ նախագահին դրել ենք ծանր կացության մեջ, երբ գործընկերները բավականին շատ բացակայում են, դիմում են նրան` տեղեկացնելով անձնական պատճառով բացակայությունների մասին: Սա մի խնդիր, բայց կա նաև երկրորդ խնդիրը: ԱԺ նախագահը շատ հստակ ներկայացնում է քաղաքական որոշակի ուժ` որպես կանոն, նա ներկայացնում է մեծամասնությունը, հետագայում պատգամավորի լիազորությունները դադարեցնելու հարցը դարձյալ որոշում է ԱԺ-ն, և, բնականաբար, հիմնական դերակատարում ունի ԱԺ-ի մեծամասնությունը»,-նախագիծը ներկայացնելիս, մասնավորապես, ասել էր Դ.Հարությունյանը:
Որպես այս խնդիրներին տրվող լուծում, ըստ նրա, նախագծով առաջարկվում է «որոշ չափով սահմանափակել ԱԺ նախագահի լիազորությունները` համարելով, որ նա կարող է անձնական պատճառով հարգելի համարել հերթական նստաշրջանի ոչ ավելի, քան 10 օրերի ընթացքում բացակայությունները»: Երկրորդ` որպեսզի հարցը չդառնա քաղաքական և ընդդեմ ընդդիմության օգտագործվող գործիք, 10 օրերի, այն է` նստաշրջանի ընթացքում քվեարկությունների ավելի քան կեսից բացակայությունների հարգելի կամ ոչ հարգելի համարելը վերապահել Էթիկայի հանձնաժողովին:
Նախագծին դեմ քվեարկեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը, որի քարտուղար Նաիրա Զոհրաբյանը նախապես հայտարարել էր, որ իրենք դեմ են «Էթիկայի հանձնաժողովին գերլիազորություններով օժտելուն»: «Եթե Էթիկայի հանձնաժողովը շարունակի իրեն քաղաքական մահակի լիազորություններով օժտելու մարտավարությունը, ինչը այս նախագծով փորձ է արվում անել, «Բարգավաճ Հայաստան»-ը կքննարկի ընդհանրապես այդ հանձնաժողովում իր ներկայացուցիչն ունենալու նպատակահարմարությունը»,- հայտարարեց նա:
- See more at: http://www.pastinfo.am/hy/node/9230#sthash.B9vGwLCr.dpuf