Այսօր «Ելակետ» մամուլի ակումբում ավիաընկերությունների 2013 թվականի գործունեության ամփոփիչ խոսքով հանդես եկավ Իզաբելլա Մուրադյանը, ով հայտնեց, որ Կառավարությունն իրենց չի աջակցում` հաշվի չառնելով իրենց մտահոգությունները:
Մուրադյանի համոզմամբ` 2013 թվականը շատ ծանր է քաղավիացիայի համար:
«Մեր ավիացիոն ոլորտը զրոյական վիճակում է, քանի որ կառավարությունը պատասխանատվությունը գցել է իր ուսերից և ուշադրություն չի դարձնում ավիացիոն ոլորտի վրա: Ազգային ավիափոխադրող «Արմավիա»-ի սնանկանալուց հետո 2013 թվականը շատ ծանրացավ»,- իր խոսքում հավելեց Մուրադյանը:

Նրա համոզմամբ` այն բանից հետո, երբ «Արմավիան» սնանկացավ, Հայաստանը կորցրեց նաև իր լավագույն մասնագետներին, որում նույնպես, Մուրադյանի համոզմամբ, մեղավոր է Կառավարությունը:

Հանրային խորհրդի անդամը դեմ է նաեւ նոր ավիաընկերությունների մուտքին մեր երկիր, քանի որ, ըստ նրա, մեր միակ ազգային փոխադրողն «Արմավիան» էր:

Վրդովված «Արմավիայի» անկումից` ՀԽ անդամն առանց որևէ մեկնաբանության լքեց ասուլիսի սենյկաը` չպատասխանելով «բաց երկնքի քաղաքականության» մասին լրագրողների հարցերին` հավելելով, որ «Արմավիան» պատմության գիրկն անցավ, և ինքը որևէ մեկնաբանություն տալու ցանկություն չունի: