Ուրբաթ երեկոյան Ամերիկայի Կոլորադո նահանգի Սենտեննիալ քաղաքի միջնակարգ դպրոցում տեղի է ունեցել հրաձգություն, որի ժամանակ վիրավորվել է երկու մարդ, իսկ կրակ բացողը ինքնասպան եղել:
Ինչպես հաղորդում է Associated press-ը դպրոցում կրակ բացած աշակերտը ցանկացել է սպանել իր ուսուցչին, սակայն վերջինիս հաջողվել է ժամանակին լքել դպրոցի շենքը:
Ինչպես գործակալությանը հայտնել է Կոլորադո նահանգի Արապախո շրջանի շերիֆ Գրեյսոն Ռոբինսոնը, տուժել է երկու մարդ, նրանցից մեկը ծանր վիճակում գտնվում է հիվանդանոցում: Հրաձիգը հայտնաբերվել է հանցագործության վայրում սպանված, ամենայն հավանականությամբ նա ինքնասպանություն է գործել:
Ոստիկանության տվյալներով չարագործը դպրոց է մտել որսորդական հրացանով և անցել դասասենյակներով և միջանքներով` որոնելով ուսուցիչներից մեկին: Վերջինս, իմանալով, թե ինչ է իրեն սպասվում, շտապել է հեռանալ դպրոցից: Ուսուցչին չգտնելով` աշակերտը սկսել է կրակ բացել հասակակիցների ուղղությամբ:
Ներկայումս ոստիկանները շարունակում են խուզարկել դպրոցի տարածքը: Ինչպես հայտնել է Ռոբինսոնը դեպքից հետո դպրոցում հայտնաբերվել է վառելիքով շիշ: Այժմ ոստիկանները փորձում են հասկանալ, արդյոք այդ իրը ինչ-որ կապ ունի դպրոցում հրաձգության հետ, թե ոչ:

 


.