այաստանի ԱԳ նախարարի բացառիկ հարցազրույցը «Ավստրիական լրատվական գործակալությանը»
Պարոն նախարար, Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղություն հաստատելու ուղղությամբ գործադրվող ջանքերը տարիներ ի վեր ապարդյուն են: Ի՞նչպես կարելի է արդյունքի հասնել այդ բանակցություններում:
Ադրբեջանը մերժում է ԼՂ հակամարտության կարգավորման միջազգային մանդատ ունեցող Մինսկի խմբի եռանախագահների՝ Ռուսաստանի, Միացյալ Նահանգների և Ֆրանսիայի կողմից հակամարտության խաղաղ հանգուցալուծման վերաբերյալ բոլոր առաջարկները: Մերժում է նույնիսկ վստահության ամրապնդմանն ուղղված նախաձեռնությունները, այդ թվում զինադադարի ամրապնդման, դիպուկահարների դուրս բերման, հրադադարի խախտումների վերաբերյալ հետաքննության մեխանիզմի ստեղծման։ Նրանք պատրանք ունեն, որ նավթից և գազից հեշտ ստացված եկամուտներով իրենք կարող են գնել ամեն ինչ ՝ բարեկամներ միջազգային բեմահարթակում, իրենց համար նպաստավոր լուծումներ։ Ինչու մինչ այսօր չի ստացվում կարգավորման հասնել։ Որովհետև միջազգային հանրությունը և Ադրբեջանը խոսում են տարբեր լեզուներով: Այն ժամանակ, երբ մենք հավաքվել ենք Վիեննայում խթանելու քաղաքակրթությունների միջև երկխոսությունը, Ադրբեջանի և միջազգային հանրության միջև խորանում է քաղաքակրթական անդունդը։ Ադրբեջանի բարձրագույն պաշտոնյաները քարոզում են անհանդուրժողականություն, ատելություն, քարոզում են պատերազմ, հերոսացնում են ռասիստ մարդասպաններին: Իսկ խաղաղության, համերաշխության կողմնակիցներին, ինչպես դա պատահեց ադրբեջանցի գրող Աքրամ Այլիսլիի պարագայում, սպառնում են ականջ կտրել։
Արդյո՞ք ԼՂ հիմնախնդիրը ինչ-որ ձևով կախված չէ նաև տարածաշրջանային այնպիսի երկրից, ինչպիսին Թուրքիան է, որը կողմնակալ դիրքորոշում ունի հակամարտության վերաբերյալ։
Այո, Թուրքիան միակողմանիորեն պաշտպանում է Ադրբեջանին: Եվ բնականաբար չի կարող միջնորդի դեր խաղալ այս գործընթացում: Եթե Թուրքիան իսկապես ցանկություն ունի նպաստել խաղաղ կարգավորմանը, լավ կլիներ, որ ընդհանրապես չխառնվեր այդ գործընթացին: Պատճառը, որ մինչ այսօր հնարավոր չի եղել հասնել կարգավորմանը Ադրբեջանի ապակառուցողական և մերժողական քաղաքականությունն է։ Ադրբեջանական կողմը կարծում է, որ ուժի գործադրումը, ռազմական լուծումը կարող է հնարավոր տարբերակ լինել։ Սակայն, իհարկե, պատերազմը լուծում չէ և բանակցային գործընթացին այլընտրանք չկա։
Կարծես, 2009 թ. հայ-թուրքական հարաբերություններում կարգավորման միտումներ կային։ Համապատասխան արձանագրություններն Անկարայի կողմից չվավերացվեցին: Ի՞նչն էր ձախողման պատճառը:
Մենք համաձայնության եկանք։ Ցյուրիխում ստորագրվեցին հայ-թուրքական արձանագրությունները, սակայն թուրքական կողմը մերժեց վավերացնել և իրականացնել այդ համաձայնությունները: Փաստորեն Թուրքիան մերժում է միջազգային հարաբերությունների կարևորագույն pacta sund servanta սկզբունքը ՝ պայմանավորվածությունները պետք է հարգվեն։ Հայաստանի և միջազգային հանրության դիրքորոշումը նույնն է՝ Թուրքիան պետք է հարգի պայմանավորվածությունները, վավերացնի և իրականացնի արձանագրություններն առանց նախապայմանների:
Ինչո՞ւ եք Դուք Թուրքիայից պահանջում ճանաչել մոտ 100 տարի առաջ հայերի նկատմամբ իրականացված Ցեղասպանությունը:
Այս հարցում մենք պատասխանատվություն ենք կրում մարդկության առջև՝ թույլ չտալու նոր ցեղասպանությունների, մարդկության դեմ նոր հանցագործությունների կրկնությունը: Ցեղասպանությունները պետք է ճանաչվեն, դատապարտվեն, չպետք է հանդուրժվի դրանց ժխտումը։ Սա է ճանապարհը: Դա ոչ միայն հայ ժողովրդի, այլ համայն մարդկության խնդիրն է։ Սա մարդու հիմնարար իրավունքների և միջազգային իրավունքի հարգման խնդիր է։
Ավստրիան մինչ այսօր Թուրքիայի այդ գործողությունները որպես Ցեղասպանություն չի որակել։ Հիասթափվա՞ծ եք դրանից։
Մենք հուսով ենք, որ Ավստրիան ևս, ինչպես Եվրոպայի և աշխարհի այլ երկրներ, կճանաչի այն։
Ավստրիայում շատ են հետաքրքրված կովկասյան տարածաշրջանի էներգետիկ խնդիրներով: Ի՞նչ է նշանակում Նաբուկո գազատարի նախագիծը Հայաստանի համար։
Տարածաշրջանային ծրագրերը կարող են հաջողություն ունենալ, եթե հիմնվեն ներգրավման, այլ ոչ բացառման սկզբունքի վրա։ Դրանք չեն կարող հաջողություն ունենալ, եթե ուղղված են որևէ երկրի դեմ, եթե ստեղծում են նոր բաժանարար գծեր։ Այդ ծրագրերը կարող են հաջողություն ունենալ, եթե դրանց ուղղվածությունը ոչ թե դեմ է, այլ հանուն, եթե նկատի են առնում բոլոր երկրների շահերը։
Կարո՞ղ է Նաբուկոն իր ներկայիս ձևով վատթարացնել Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունները:
Ես ասացի, այն ինչ ասացի։
Ի՞նչ առաջընթաց կա Եվրոպական միության հետ Ասոցացման համաձայնագրի շուրջ բանակցություններում։
Մենք լավ առաջընթաց ենք արձանագրել Ասոցացման համաձայնագրի շուրջ բանակցություններում, այդ թվում նաև Խորը և համապարփակ ազատ առևտրի գոտու ստեղծման վերաբերյալ բանակցություններում։ Մենք հուսով ենք, որ բանակցությունները ավարտին կհասցնենք մինչև նոյեմբերին կայանալիք Արևելյան գործընկերության Վիլնյուսի գագաթաժողովը։ Դեկտեմբերին մենք ԵՄ հետ ստորագրեցինք մուտքի արտոնագրային ռեժիմի դյուրացման մասին համաձայնագիրը, հունվարից ԵՄ քաղաքացիները կարող են Հայաստան այցելել առանց արտոնագրերի: Այս ամենը ճանապարհ է բացում արտոնագրային ռեժիմի ազատականացման բանակցությունների մեկնարկի համար։
Փետրվարի կեսին կայացած Հայաստանի նախագահի ընտրությունները ԵԱՀԿ դիտորդների գնահատմամբ մեծապես ազատ և արդար են անցել։ Սակայն դիտորդները որոշ թերություններ են մատնանշել, մասնավորապես պետական հաստատությունների և իշխող կուսակցության տարանջատման խնդիրը։
Դուք իրավացի եք, դիտորդները դրական գնահատական են տվել ընտրություններին: Նրանք միակարծիք էին, որ ընտրությունները կարևոր քայլ առաջ էին։ Արվել են նաև առաջարկներ ընտրական գործընթացը կատարելագործելու ուղղությամբ։ Մենք ուշադրությամբ կուսումնասիրենք արված առաջարկները, կձեռնարկենք բոլոր անհրաժեշտ քայլերը համապատասխան բարեփոխումներ իրականացնելու, մեր ընտրական համակարգն էլ ավելի բարելավելու ուղղությամբ։
Վերջին տարիներին կարևոր բարեփոխումներ են իրականացվել Հայաստանում, որոնց արդյունքում տարածաշրջանի երկրների համեմատությամբ, մեր երկիրը առաջատար դիրքերում է որոշ միջազգային վարկանիշային աղյուսակներում և ցուցիչներում՝ մամուլի ազատության, գործարար միջավայրի և այլ բնագավառներում: Եվ մենք վճռական ենք շարունակելու բարեփոխումների ընթացքը: