Ապրիլի 9-ին` Սերժ Սարգսյանի պաշտոնակալության օրը, հրաժարական է տալու ՀՀ կառավարությունը: Եվ քաղաքական կուլիսներում արդեն իսկ ակտիվորեն սկսել է քննարկվել ապագա վարչապետի հարցը: Թեև ՀՀԿ-ականները պաշտոնական զրույցներում հավաստիացնում են, որ առայժմ իրենց օրակարգում նման հարց չկա, այնուամենայնիվ, վարչապետի պաշտոնի հավակնորդների անուններ են շրջանառվում: Պատահական չէ, որ երեկ վարչապետ Տիգրան Սարգսյանը, պատճառաբանելով նախագահականում կայանալիք խորհրդակցությունը, ԱԺ կառավարություն հարց ու պատասխանից հետո չմնաց լրագրողների հետ ավանդական ճեպազրույցին: Ավելին, վարչապետը երեկ բավական անտրամադիր էր, ու դա նկատվում էր անգամ անզեն աչքով:
Որպես վարչապետի հավանական թեկնածու` իշխանական կուլիսներում այսօր քննարկվում է մի քանի անուն` Աժ նախագահ Հովիկ Աբրահամյան, Երևանի նախկին քաղաքապետ Կարեն Կարապետյան, Վերահսկիչ պալատի նախագահի տեղակալ Լևոն Յոլյան, ՊԵԿ ղեկավար Գագիկ Խաչատրյան, իսկ եթե հանկարծ որոշվի ազգային համաձայնության կառավարություն ձևավորել, իշխանական կուլիսներում հնչել է նաև գյուղատնտեսության նախկին նախարար ՀՅԴ-ական Դավիթ Լոքյանի անունը:
ՀՀԿ-ականները չեն բացառում, որ Սերժ Սարգսյանը վերջին պահին որոշի իշխանության ներսում չգնալ կտրուկ փոփոխությունների, ինչի արդյունքում Տիգրան Սարգսյանը շարունակի մնալ ՀՀ վարչապետ: Համենայնդեպս, ըստ ՀՀԿ-ականների` վերջնական որոշում կայացնողը լինելու է Ս. Սարգսյանը, որն էլ, սակայն, լռում է,-գրում է Ժողովուրդ թերթը:
Տիգրան Սարգսյանը հրաժեշտ չի՞ տա իր պաշտոնին


