ԱԺ-ում այս պահին ընթանում են գազի սակագնի վերաբերյալ լսումները:

ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը ներկայացրեց գազի գնի ձևավորման վերաբերյալ նախապատմությունը: Նա հիշեցրեց, որ դեռևս 2010թ. երկրորդ կեսին ռուսական կողմը մեզ սկսեց անհանգստացնել, որ սկսելու է գազի գնի թանկացում: Ռուսաստանի հետ բանակցությունները Հայաստանին ուրախ արդյունք չտվեցին. ռուսական կողմի հետ եկանք համաձայնության, որ գործող գինն ընդունում ենք որպես բազային գին և շարունակում ենք բանակցությունները մինչև կգանք համաձայնության: Հայաստանը Ռուսաստանից գազ ստանում է 180 դոլարով. բանակցությունների արդյունքում եկանք այն համաձայնության, թե ինչ քաղաքականությամբ է որոշվելու գազի գինը, ստեղծվեց համաձայնագիր, որով ֆիքսված էր 180 դոլարը որպես բազային գին:

«Ներառված է նաև 30 տոկոս մաքսատուրքը, որը գործում էր մինչև այդ: Բանակցությունների արդյունքում եկանք համաձայնության, որ 30 տոկոս մաքսատուրքը Հայաստանի համար չի կիրառվելու: Բանակցությունները բերեցին նրան, որ մաքսատուրք չի կիրառելու նաև Հայաստան ներմուծվող նավթամթերքի, գազի և ադամանդի համար»,- տեղեկացրեց նախարարը: Նա նշեց, որ բանակցությունների արդյունում 2011-ի ապրիլի 1-ից մինչև այսօր Ռուսաստանը փոփոխում էր գազի գինը, սակայն այս տարիների ընթացքում Հայաստանը գազը սպառողին մատակարարում էր նույն գնով և առաջացել էր 300 մլն-ի ճեղք: Երկար բանակցությունների արդյունքում որոշվեց, որ դրա մի մասը պետք է փակի ռուսական կողմը, մյուսը՝ հայկականը: «Եկանք բանակցության, որ «Հայռուսգազարդի» 20 տոկոսը պետք է վաճառվի ռուսական «Գազպրոմ» ընկերությանը»,- նշեց նա: