ԱԺ-ում գազի գնի վերաբերյալ լսումների ժամանակ ԲՀԿ-ական պատգամավոր Վահան Բաբայանը Էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանից հետաքրքրվեց, թե ինչպե՞ս է գնահատում Ռուսաստանի հետ գազի գնի վերաբերյալ բանակցությունները՝ հաշվի առնելով, որ գոյացել է 300 մլն-ի պարտք:

«Բանակցությունները գնահատում եմ արդյունավետ, քանի որ հենց այդ բանակցությունների արդյունքում առաջիկա 5 տարիներին Հայաստանին գազի գնի թանկացում չի սպառնում»,- պատասխանեց նախարարը:

Վահան Բաբայանը հարցրեց նախարարից, թե ինչու՞ էր գոյացած պարտքը գաղտնի պահվում և արդյո՞ք պատճառը սպասվող ընտրությունները չէին. այսինքն՝ գոյացած պարտքը թաքուն է պահվել, որպեսզի չազդի իշխանության վարկանիշի վրա: «Գազի սակագնի վերաբերյալ բանակցությունները սկսվել են 2010թ-ից, ուստի դա չի կարելի կապել ընտրությունների հետ»,- ասաց նախարարը:

Վահան Բաբայանն արձագանքեց, որ կառավարությունը վատ է աշխատել և պետք է հրաժարական տա, ինչին նախարարը պատասխանեց. «Դա Ձեր կարծիքն է, ես համարում եմ, որ բանակցություններն արդյունավետ են եղել, ուստի մենք չենք պատրաստվում հրաժարական տալ»: