Այսօր՝ դեկտեմբերի 20-ին ՀՀ Կառավարությանն առընթեր Ազգային անվտանգության աշխատակիցները նշում են իրենց մասնագիտական տոնը:

Ովքե՞ր են եղել ՀՀ ԱԱԾ պետերը:

1991 թ. դեկտեմբերի 4-ին ընդունված ՀՀ կառավարության կառուցվածքի և կազմի մասին օրենքով ՊԱԿ-ը վերանվանվեց ՀՀ Ազգային անվտանգության պետական վարչության, որի պետ նշանակվեց գեներալ-մայոր Հուսիկ Սուրենի Հարությունյանը (պաշտոնավարել է 1991-1992 թ. փետրվար): Այդ պաշտոնում նրան հաջորդեցին գեներալ-մայոր Վալերի Վաղարշակի Պողոսյանը (1992-1993 թթ.), գեներալ-մայոր Էդուարդ Գրիգորի Սիմոնյանցը (1993-1994 թթ.), Դավիթ Գուրգենի Շահնազարյանը (1994-1995 թ. մայիս ամիսը): 1995 թ. ՀՀ ԱԱՊՎ-ը վերանվանվեց Ազգային անվտանգության նախարարության: ՀՀ ԱԱ նախարար նշանակվեց Սերժ Ազատի Սարգսյանը: 1996 թ. նոյեմբերի 8-ին ՆԳՆ-ն և ԱԱՆ-ն միավորվեցին մեկ կառույցում՝ ստեղծելով ՆԳ և ԱԱ նախարարություն: Այդ կառույցը շարունակեց ղեկավարել Ս. Սարգսյանը (պաշտոնավարել է 1995-1999 թ. նոյեմբեր ամիսը): ՆԳ և ԱԱ նախարարությունը 1999 թ. նոյեմբերի 13-ին կրկին տարանջատվեց ՆԳՆ-ի և ԱԱՆ-ի: 1999 թ. նոյեմբերին ԱԱ նախարար նշանակվեց Կառլոս Խաչիկի Պետրոսյանը (պաշտոնավարել է 1999 թ. նոյեմբերից մինչև 2004 թ. նոյեմբերի 5-ը): ՀՀ նախագահի հրամանագրով 2002 թ. դեկտեմբերի 17-ին ՀՀ ԱԱՆ-ը վերաձևավորվեց ՀՀ Կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության:

2004 թ. նոյեմբերի 8-ից մինչև օրս ՀՀ Կառավարությանն առընթեր ԱԱԾ-ը ղեկավարում է գեներալ-գնդապետ Գորիկ Գուրգենի Հակոբյանը: