Փետրվարի 27-ին Վիեննայում բացվեց ՄԱԿ-ի Քաղաքակրթությունների դաշինքի հինգերորդ գլոբալ ֆորումը, որի նպատակն է համախմբել միջազգային հանրությանը ծայրահեղականության դեմ՝ միջմշակութային և միջկրոնական երկխոսության ու համագործակցության միջոցով։ Ֆորումի բացումը կատարեց ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի-Մունը։ Ֆորումի աշխատանքներին մասնակցում են 136 երկրների և միջազգային կազմակերպությունների բարձրաստիճան պատվիրակություններ: Համաժողովի աշխատանքներին Հայաստանի պատվիրակությունը գլխավորող ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդես եկավ ելույթով։ Իր խոսքում  նախարար Նալբանդյանն նշեց, որ

հանդուրժողականությունը, այլոց ազգային, մշակութային և կրոնական ժառանգության հանդեպ հարգանքը ներդաշնակ և խաղաղ համակեցության նախապայմաններից է։ ԱԳ նախարարը ընդգծեց, որ Հայաստանը միանում է ՄԱԿ-ի Քաղաքակրթությունների դաշինքին բարի կամքով և

վճռականությամբ` աշխատելու անդամ երկրների հետ բազմազանության և քաղաքակրթությունների ներդաշնակության դրական ուղերձը առաջ մղելու նպատակով։  Հայաստանի արտգործնախարարի օրակարգը հագեցած էր նաև երկկողմ հանդիպումներով։

Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի-Մունին, որը խնդրեց իրշնորհավորանքներն ու բարեմաղթանքները փոխանցել ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանին վերընտրվելու

կապակցությամբ և հաջողություն մաղթեց նրա երկրորդ մանդատի ընթացքում։

Հանդիպմանը մտքեր փոխանակվեցին ՄԱԿ-ի օրակարգային խնդիրների շուրջ։ Էդվարդ Նալբանդյանըվերահաստատեց, որ Հայաստանը կշարունակի իր ակտիվ ներգավվածությունը ՄԱԿ-ի և նրակառույցների գործունեությանը:

Բան Կի-Մունի խնդրանքով նախարար Նալբանդյանը ներկայացրեց ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղկարգավորման նպատակով Հայաստանի և միջազգային հանրության կողմից գործադրվող ջանքերը։

Այդ ենթատեքստում ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը իր աջակցությունը հայտնեց Մինսկի խմբիհամանախագահների գործունեությանը:

Սիրիայում տեղի ունեցող զարգացումների քննարկման ենթատեքստում անդրադարձ կատարվեց խաղաղ բնակչության, այդ թվում սիրահայերի առջև ծառացած խնդիրներին:

Վիեննայում Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Լամբերտո Զանիերի հետ:

ԵԱՀԿ գլխավոր քարտուղարը խնդրեց իր շնորհավորանքները փոխանցել ՀՀ Նախագահին վերընտրվելու կապակցությամբ՝ գոհունակությամբ նշելով, որ ԵԱՀԿ դիտորդական առաքելությունը դրական է գնահատել Հայաստանում անցկացված նախագահական ընտրությունները:

Զրուցակիցները մտքեր փոխանակեցին ԵԱՀԿ օրակարգային հարցերի, կազմակերպության շրջանակներում իրականացվող աշխատանքներին Հայաստանի ակտիվ ներգրավվածության, ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացի վերաբերյալ:

 

Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց Իրանի արտգործնախարար Ալի Աքբար Սալեհիի հետ: Զրույցի ընթացքում քննարկում տեղի ունեցավ երկկողմ հարցերի,  տարածաշրջանային և միջազգային օրակարգի խնդիրների շուրջ: