ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը, դիմելով Էներեգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանին, ասաց, որ նախարարի այն հայտարարությունը, թե ինքը չի հայտարարել գազի գնի բարձրացման մասին, ճիշտ է, սակայն պատգամավորի հատվածը դրան չէր վերաբերում:

Զոհրաբյանն ընթերցեց ՀայՌուսգազարդ ՓԲԸ տնօրենների խորհրդի նիստերին կնքված պայմանագիրը, և հարց ուղղեց, թե արդյոք այս նախարարությունը հասկանու՞մ է ռազմավարական գործընկերոջ և վասալի միջև եղած տարբերությունները:

«Դուք տեղյա՞կ եք արդյոք Ուկրաինայի նախկին վարչապետ Յուլիա Տիմոշենկոն ինչի համար է այսօր դատապարտված, իր պետության շահերին վնասող գազային գործարք կնքելու և դրա որոշ փաստաթղթեր իր երկրի ժողովրդից, իր երկրի խորհրդարանից գաղտնի պահելու, թաքցնելու համար»,- ասաց Զոհրաբյանը՝ հավելելով, որ կառավարությունը պետք է քրեական պատաասխանատվության ենթարկվի:

Արմեն Մովսիսյանն էլ իր խոսքում նշեց, որ Կառավարությունը շատ լավ հասկանում է այդ տարբերությունները և համամիտ չէ Զոհրաբյանի ձևակերպումների հետ:

«Կառավարությունը չի գտնում, որ այս համաձայնագիրը ձեր ասած վասալի պարտավորությունները իր մեջ ներառում է, կխնդրեի ուղղակի պայմանագիրը ուշադիր մինչև վերջ կարդալ»,- ասաց Մովսիսյանը, ինչին ի պատասխան Զոհրաբյանն ասաց, որ պայմանագիրը կարդացել են բոլորը, որոնց մի մասն այս պահին Բաղրամյան մուտքի մոտ կոչ են անում խորհրդարանական մեծամասնությանը չվավերացնել քրեական պատասխանատվություն ենթադրող վասալային համաձայնագրերը և չմտնել նման խայտառակ պատասխանատվության մեջ: