Ավանդույթները մշակույթի կարևորագույն տարրերից են: Նոր տարվա տոնակատարությունները, հարսանիքին ափսե կոտրելը կամ աղավնի թռցնելը ավանդույթների օրինակներ են: Ավանդույթները հաճախ համախմբում են մարդկանց և հաղորդակցության հնարավորություններ ընձեռում, սակայն դրանք միշտ չէ, որ անվտանգ են: Ձեզ ենք ներկայացնում ամենավտանգավոր ավանդույթների տասնյակը:

Ամանորյա ջրասուզում, Սիբիր, Ռուսաստան

Ռուսաստանում Նոր տարվա օրը ամբողջ աշխարհից եկած ջրասույզները սուզվում են աշխարհի ամենախորը լիճը` Բայկալը: Այդ օրը սուզորդները անցք են բացում սառույցի մեջ և սուզվում 40 մետր խորությամբ: Սուզորդներից ընտրվում է մեկը, ով ամանորյա եղևնին լճի հատակն է տանում: Երբ եղևնին արդեն տնկվում է ջրի հատակում, սուզորդները շուրջպար են բռնում եղևնու շուրջը: Այս սովորույթը գործել է 1982 թ.-ից ի վեր: Թեպետ այն այնքան էլ վտանգավոր չի թվում, պետք է հիշել, որ սա աշխարհի ամենախորը լիճն է, և որ սուզորդները լողում են բավականին ծանր սարքավորումներով, որոնց ընդհանուր կշիռը կազմում է մոտ 100 կգ:

Բևեռային արջերի սուզում

Բևեռային արջերի սուզում կոչվող ավանդույթը տեղի է ունենում ձմռանը աշխարհի տարբեր վայրերում: Այս միջոցառման ընթացքում երբեք մասնակիցների պակաս չի զգացվում: Մասնակիցները ցատկում են սառը ջրի մեջ: Ամենախոշոր միջոցառումը տեղի է ունենում Մերիլենդում` Հատուկ Օլիմպիադայի համար (օլիմպիադա, որին մասնակցում են մտավոր սահմանափակ կարողություններով մարդիկ) գումար հայթայթելու նպատակով: Թվում է, թե սա անվտանգ բարեգործական ակցիա է, սակայն սուզումը կարող է վտանգավոր լինել: Որոշ վայրերում մասնակիցները փաստաթուղթ են ստորագրում, որով հաստատում են, որ տեղյակ են սուզումի հնարավոր վտանգների մասին: Սակայն փառք Աստծո, մինչ օրս այս միջոցառման ժամանակ ոչ ոք չի մահացել ջրասուզումից:

Հրավառությունների մենամարտ - Հունաստան

Եկեղեցիները ձանձրալի են, չէ՞: Դե իհարկե չէ: Հունաստանի Քիոս կղզու եկեղեցիները հաստատ ձանձրալի չեն: Զատիկի կիրակին այստեղ միշտ շատ հետաքրքիր է անցնում: Երկու «մրցակից եկեղեցիները» հրավառություն են անում իրար ուղղությամբ: Սա կատարվում է այն ժամանակ, երբ եկեղեցում պատարագ է ընթանում: Ասում են, որ հրավառության համար օգտագործվում են 25,000 հրթիռներ, որոնք գործի են դրվում 150 մարդու կողմից: Նախկինում արձակված կրակի պատճառով վնասվել են մերձակա բնակավայրերը, և անգամ մարդիկ են մահացել, սակայն ավանդույթը մինչ այժմ էլ շարունակվում է:

Երեխաներին վար նետելու արարողակարգ – Սոլափուր, Հնդկաստան

Արևմտյան Հնդկաստանի Սոլափուր քաղաքում մահմեդականները հավաքվում են 15 մետրանոց աշտարակի շուրջ և աշտարակից ցած նետում իրենց երեխաներին, իսկ ներքևում հավաքված ամբոխը գրկում է երեխաներին, որպեսզի նրանք գետնին չընկնեն: Այս արարողակարգը հինգ դարի պատմություն ունի: Ծնողները հավատում են, որ այն ավելի ամրակազմ և առողջ է դարձնում իրենց երեխաներին: Ասում են, թե ոչ մի երեխա երբևէ վնասվածք չի ստացել այս արարողակարգի ընթացքում:

Պանրի գլորում – Գլոստեր, Անգլիա

Գլոստեր պանրի կլորիկ կտոր, զառիթափ լեռ և համարձակ մարդիկ. ահա այն ամենը, ինչ հարկավոր է այս ավանդույթի համար: Այս ավանդույթը 200 տարվա պատմություն ունի: Լեռն ի վար գլորվում է մի կտոր պանիր, և այն մարդը, ով առաջինն է իջնում լեռից, վերցնում է պանիրը: Այս ավանդույթը հղի է բավականին լուրջ վտանգներով: Մարդիկ ստանում են մարմնական տարբեր վնասվածքներ և ուղեղի ցնցում: