Թեև ՀՀ դատարանների կողմից անհիմն և ապօրինի վճիռների ու որոշումների կայացումը սովորական երևույթ է դարձել, այնուամենայնիվ, դրանք երբեմն այնքան անտրամաբանական և անօրինական են, որ անգամ ՀՀ դատարանների կողմից դրանց կայացումը լիովին անհավանական է թվում: Հերթական անգամ նմանատիպ ապօրինի վճիռ է կայացվել Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի կողմից, ինչի հետևանքով ես` Ավստրալիայի քաղաքացի Դարեհ Կույումջյանս, զրկվում եմ սեփականության իրավունքով ինձ պատկանող անշարժ գույքերից, այդ թվում` այն տնից, որտեղ այժմ բնակվում եմ: Վճիռ կայացնելիս դատարանը թույլ է տվել նյութական և դատավարական իրավունքի նորմերի բազմաթիվ խախտումներ և կայացրել է ամբողջովին ապօրինի վճիռ: Դատարանի կողմից վճռի կայացման հիմքում որպես ապացույց դրված հանգամանքներից ոչ մեկը ապացուցողական նշանակություն չունի և չէր կարող դրվել վճռի կայացման հիմքում: Փաստորեն, դատարանը, հիմնվելով իր անձնական, մեկը մյուսից անհեթեթ եզրահանգումների և ենթադրությունների վրա և բառի բուն իմաստով արհամարհելով Հայաստանի Հանրապետությունում գործող բոլոր տեսակի օրենքները, կայացրել է իրեն ձեռնտու վճիռ՝ ղեկավարվելով միգուցե կոնկրետ պաշտոնյաների սուբյեկտիվ շահերով, կամ միգուցե դատարանի նկատմամբ կիրառվող ճնշումներով: Հետագայում Վերաքննիչ դատարանի կայացրած ապօրինի որոշումը ևս փաստում է, որ ենթադրյալ ճնշումներն այդ փուլում ևս շարունակական և հետևողական բնույթ են կրել: Փաստորեն, մի խումբ պաշտոնյաների ապօրինի գործողությունների հետևանքով ես կարող եմ անօթևան մնալ և վտարվել այն տնից, որտեղ տասնմեկ տարի շարունակ բնակվել եմ: Որքան էլ զավեշտալի և անհավանական է թվում, բայց և հավանական է այն, որ առանձին անհատներ գրչի մեկ հարվածով մարդկային ճակատագրեր են կործանում և մնում են անպատիժ:
Իրավական համակարգի ընդհանուր զարգացման համատեքստում ՀՀ դատարանների անպատժելիությունը և վերջիններիս կողմից օրենքի անտեսումը անցել է հնարավորի և անհնարինի բոլոր սահմանները: Որպես հայ և որպես քաղաքացի` ես անթույլատրելի եմ համարում այն, որ առանձին անհատներ, ենթարկվելով ինչ-ինչ ճնշումների և կամ ղեկավարվելով իրենց նեղ անձնական սուբյեկտիվ շահերով, անտեսում և արհամարհում են օրենքը` այդպիսով ոտնահարելով մարդու սահմանադրական և քաղաքացիական իրավունքները: Առանց արդար և օրենքի շրջանակներում գործող դատական համակարգի անհնարին է իրավական համակարգի, հետևաբար և պետության զարգացումն ու առաջընթացը: Ուստի ես դիմում եմ ողջ լրագրողական համայնքին` ակնկալելով վերջինիս անդամների օգնությունն ու աջակցությունը իմ ոտնահարված իրավունքների վերականգնման և արդարության ու օրենքի գերակայության վերահաստատման հարցում:
Արդարության ակնկալիքով դիմել եմ ՀՀ նախագահի աշխատակազմի վերահսկողական ծառայություն և, որպես հայ ու Հայաստանում գործունեություն իրականացնելու նպատակներ ունեցող անձ, կցանկանայի հանդիպել ՀՀ Նախագահին անձամբ և ներկայացնել ՀՀ դատական համակարգի հակաիրավական գործողությունների բացասական հետևանքները իմ սեփականության ճակատագրի վրա:
Գործի մանրամասները և իրավական հիմնավորումները ներկայացված են կից տեղեկանքում:
Քաղաքացիական գործ. թիվ ԵԿԴ/1737/02/12
Դատարանի անվանում. Կենտրոն և Նորք-Մարաշ
Դատավոր. Սամվել Թադևոսյան
Հայցվոր. Հերոս Դիլանչյան
Պատասխանողներ. Դարեհ Կույումջյան, Դիանա Կույումջյան, ՀՀ ԿԱ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտե
Պահանջ. Շինծու գործարքի անվավերության հետևանքներ կիրառելու մասին
Համառոտ նկարագիր. Հայցվորի ներկայացուցիչը հայց է ներկայացրել դատարան` պահանջելով Վ. Կույումջյանի կողմից մի շարք անշարժ գույքեր ձեռք բերելու նպատակով կնքված գործարքների նկատմամբ կիրառել առոչինչ (շինծու) գործարքի անվավերության հետևանքներ, այն է՝ այդ գործարքների հիման վրա Վարուժան Կույումջյանի անվամբ կատարված սեփականության իրավունքի գրանցումները ճանաչել անվավեր, իսկ այդ գործարքներով որպես գնորդ և այդ գույքերի նկատմամբ սեփականատեր ճանաչել Հ. Դիլանչյանին:
Հայցվորի ներկայացրած և վճռի հիմքում դրված փաստերը և դրանց հակափաստարկները
Դարեh Կույումջյանի և Հերոս Դիլանչյանի միջև էլեկտրոնային նամակագրություն.
Դատարանը վճռի հիմքում դրել է Դարեh Կույումջյանի և Հերոս Դիլանչյանի միջև տեղի ունեցած էլեկտրոնային նամակագրությունը, որի բովանդակությունից իբրև թե պարզ է դառնում, որ նամակագրության մեջ նշված գույքերը Հերոս Դիլանչյանին են պատկանում:
Իրականում. Նամակագրության մեջ Դարեհ Կույումջյանը վեճի առարկա որոշ գույքերի վերաբերյալ օգտագործում է «մեր հողատարածքը», «մեզ համար» արտահայտությունները, սակայն դրանից հստակ և բառացիորեն չի երևում, թե արդյոք վեճի առարկա անշարժ գույքերը ձեռք են բերվել Հերոս Դիլանչյանի անվանբ և նրա հաշվին, թե ոչ: Այդ նամակագրությունից միայն պարզ է դառնում, որ Դարեհ Կույումջյանն ու Հերոս Դիլանչայնը որոշակի գործնական հարաբերությունների մեջ են գտնվել վեճի առարկա հանդիսացող որոշ անշարժ գույքերի առնչությամբ: Նշված նամակագրությունը չի պարունակում որևէ ուղղակի ապացույց առ այն, որ նշված գույքի միավորները հանդիսանում եմ Հերոս Դիլանչյանի սեփականությունը:
Վարուժան Կույումջյանի կողմից ձեռք բերված մի շարք անշարժ գույքի միավորները, որոնք հետագայում վաճառվել են Հերոս Դիլանչյանին.
Հայցվոր կողմի պնդմամբ այն հանգամանքը, որ Վ. Կույումջյանն իր կողմից ձեռք բերված որոշ անշարժ գույքեր վաճառել է Հ. Դիլանչյանին ապացուցում է, որ նա վեճի առարկա անշարժ գույքերը ևս ձեռք է բերել Հ. Դիլանչյանի անվամբ և նրան փոխանցելու նպատակով:
Իրականում. Վ. Կույումջյանի կողմից Հ. Դիլանչյանին վաճառված գույքերը որևէ առնչություն չունեն վեճի առարկա գույքի հետ և որևէ կերպ չեն ապացուցում, որ վեճի առարկա գույքի ձեռքբերման գործարքները շինծու են:
Վ. Կույումջյանի կողմից 12.07.2011թ. Վ. Օհանյանին տրված լիազորագիրը` Հ. Դիլանչյանին Գույքը նվիրելու մասին
Այս լիազորագրի առկայությունը ևս հայցվոր կողմը համարում է գործարքների շինծու լինելու ապացույց:
Իրականում. Լիազորագիրը արտահայտում է Վ. Կույումջյանի կամարտահայտությունը լիազորագրի տրման պահին, որն իր ուժը կորցրել է լիազորողի` Վ. Կույումջյանի մահվամբ: Սույն լիազորագիրը որևէ կերպ չի կարող հանդիսանալ Վարուժան Կույումջյանի կողմից կնքված գործարքները շինծու ճանաչելու հիմք:
Դարեհ Կույումջյանի հայտարարությունը` Գույքը Հ. Դիլանչյանին նվիրելու մասին
Այս հայտարարությունը ևս դրված է վճռի կայացման հիմքում` որպես ապացույց:
Իրականում. ՀՀ քաղաքացիական օրենսդրության համաձայն` քանի որ Գույքը գտնվում է ՀՀ տարածքում, կիրառվում է ՀՀ օրենսդրությունը, համաձայն որի` նվիրատվության խոստումը պետք է նոտարապես վավերացված լինի: Հակառակ դեպքում, այն առոչինչ է և որևէ իրավական ուժ չունի:
Հերոս և Քեյթ Դիլանչյանների և Ժոզեֆ Դավիդյանի կողմից Վ. Կույումջյանին կատարված բանկային փոխանցումները
Ըստ հայցվորի` տվյալ բանկային փոխանցումներն ապացուցում են, որ վեճի առարկա անշարժ գույքը գնվել է Հերոս Դիլանչյանի հաշվին` վերջինիս դրամական միջոցներով:
Իրականում. Բանկային փոխանցումը հավաստող փաստաթղթերից և ոչ մեկում նշված չէ գումարի փոխանցման նպատակը, հետևաբար` կարելի է ենթադրել տասնյակ նպատակներ, որոնց համար գումարը փոխանցվել է:
Գարիկ Կիրակոսյանի ցուցմունքը
Դատարանի կողմից Գործարքների շինծությունն ապացուցելու որպես հիմք նշվել է նաև Գարիկ Կիրակոսյանի ցուցմունքը:
Իրականում. Գարիկ Կիրակոսյանի ցուցմունքը, բացառությամբ Հայցվորի և Վ.Կույումջյանի միջև գործնական հարաբերությունների առկայության փաստի, որևէ այլ բան չի ապացուցում:
Այսպիսով, վճռի հիմքում դրված վերոնշյալ փաստերից և ոչ մեկը չէր կարող համարվել գործարքները շինծու ճանաչելու ապացույց: Ավելին, անգամ եթե վերոնշյալ փաստերն իսկապես ապացույց հանդիսանային և իրավական ուժ ունենային, միևնույն է` դրանք չէին ապացուցի, որ կնքված գործարքները շինծու են` հետևյալ պատճառաբանությամբ.
ՀՀ օրենսդրության համաձայն` շինծու գործարքը` այսինքն` մեկ այլ գործարքի քողարկման նպատակով կնքված գործարքը, առոչինչ է: Հետևաբար, որպեսզի գործարքը շինծու ճանաչվի, անհրաժեշտ է հետևյալ երկու փաստերի առկայությունը`
ա) մեկ այլ գործարքի առնվազն հիպոթետիկ առկայությունը,
բ) այդպիսի մեկ այլ գործարքը կնքված գործարքով քողարկելու, այսինքն` այն թաքցնելու նպատակ, մոտիվացիա, շարժառիթ, այսինքն` կողմերի (տվյալ դեպքում` վաճառողի և գնորդի) համատեղ գիտակցված և որոշակի պատճառ ունեցող կամահայտնությունը մեկ այլ գործարքը (որը պետք կնքվեր, սակայն չի կնքվել) քողարկելու հարցում:
ՀՀ Վճռաբեկ դատարանի թիվ 3-89/ՏԴ որոշման համաձայն` գրավոր գործարքների նկատմամբ շինծու լինելու հիմքով առոչինչ գործարքի անվավերության հետևանքների կիրառման համար անհրաժեշտ է ապացուցել հետևյալ փաստերից որևէ մեկի առկայությունը.
գործարքն իրականում կնքվել է ոչ այն ստորագրած անձանց միջև, կամ
այն ստորագրած անձանց կամքը չի համապատասխանում պայամանագրում շարադրվածին:
Տվյալ դեպքում գործարքները կնքվել են օրենքի շրջանակներում և օրենքով սահմանված կարգով գրանցվել են ՀՀ ԿԱ ԱԳ Կադաստրի պետական կոմիտեում: Գործարքները կնքվել են Գնորդի` Վարուժան Կույումջյանի և համապատասխան անշարժ գույքերի վաճառողների միջև, նրանց կամքը համապատասխանել է գործարքում շարադրվածին և նրանք չեն հետապնդել այլ գործարք քողարկելու նպատակ: Հակառակը որևէ կերպ չի ապացուցվել, ուստի անկասկանալի է` ինչպես է դատարանը հայցը բավարարող վճիռ կայացրել:


