Արարատյան Հայրապետական թեմի երիտասարդական հոգևոր խորհուրդը այսօր գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի օրհնությամբ կազմակերպել է շախմատի միաժամանակյա խաղ գրոսմայստեր Գաբրիել Սարգսյանի հետ, այս մասին տեղեկացնում է Արարատյան Հայրապետական թեմի մամլո դիվանը։

 Խաղը անցկացվել է Քրիստոսի անդրանիկ հավատացյալ թագավոր Ս. Աբգար նախավկայի տոնի առթիվ:

 Խաղին մասնակցել են Արարատյան Հայրապետական թեմի համայնքների միություների 15 երիտասարդներ:

 Մասնակիցներին իր օրհնության ու գնահատանքի խոսքն է ասել Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը, ով կարևորել է երիտասարդների այս նախաձեռնությունը, քանի որ շախմատը մարզում ու կոփում է մարդու միտքը:

 «Գնահատելի է, որ դուք ոչ միայն սոցիալական ծրագրեր եք նախաձեռնում, մանկատներ ու ծերանոցներ եք այցելում, ուխտագնացություններ կազմակերպում, մասնակցում եք մեր Եկեղեցու կյանքին, հսկման ժամերգություններին, այլ նաև իմացական բնույթի խաղերով եք հետաքրքրվում»,– ասել է նա:

Լուսանկարներն` Արմենպրեսսի