Հանրապետականնե՛ր

երկուշաբթի օրը քվեարկությունից առաջ չմոռանա՛ք, հիշե՛ք, խնդրում եմ, հիշե՛ք մեր պետության արժանապատվությունն իրենց արյունով վաստակած մարդկանց՝ Մոնթեին, Մովսես Գորգիսյանին և բոլո~ր-բոլորի~ն, ովքեր իրենց արյունով մեզ վերադարձրեցին մեր ինքնիշխանությունը, մեր ազգային արժանապատվությունը: Հիշեցնում եմ լուսահոգի Մովսեսի կոչը՝ <Կեցցե՛ այն Հայաստանը, որը վաղն է գալու>: Դուք այդ <վաղի> հույսը խորտակում ե՛ք: Չմոռանա՛ք նաև Հանրապետական կուսակցության հիմնադիր Աշոտ Նավասարդյանի և նրա ակունքներում կանգնածների տառապանքն ու գաղափարները, չէ՞որ ձեզանից շատերը ժամանակին դրանց շնորհիվ են հայտնվել այնտեղ, որտեղ ե՛ք: Վստահ եղե՛ք, նրանց հոգիներն անմահ են, այս պահին խռովված են, համոզված եմ, որ նրանք անիծելու են այս ստրակական պայմանագիրը կնքողներին: Դուք իրավունք չունե՛ք նրանց երազած և այդ երազանքի համար իրենց կյանքը չխնայած մարդկանց Հայրենիքի, ձեր ու բոլորիս երեխաների ու թոռների ապագան վտանգելու՝ մեր գլխին փաթաթելով ստրկական այս համաձայնագիրը: Մի՛ մտեք այդ հավերժական անեծքին արժանի քայլի տակ, մեր սերունդները չե՛ն ներելու ձեզ: Ուշքի՛ եկեք, խնդրո~մ եմ:


<Ժառանգություն> կուսակցության վարչության անդամ
Անահիտ Բախշյան