ԱԺ Հանրապետական խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը ընդդիմության կողմից պատգամավորների քարտերը վերցնելը, լրագրողների հետ զրույցում որակեց որպես խուլիգանություն և ջեբկիրություն:

Ի պատասխան մեր այն հարցի, թե հնարավո՞ր է դիմեն ԱԺ էթիկայի հանձնաժողով, Գալուստ Սահակյանը նկատեց. «Էթիկայի հանձնաժողով դիմելը նրանց ինչ կանի, դրանց պետք է դիմել գժանոց, էնտեղ ուսումնասիրություն կկատարեն»:

Հիշեցնենք, որ «Ժառանգություն խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը հավաքել էր պատգամավորների էլեկտրոնային քվեարկության քարտերը, այդպիսով փորձելով տապալել նիստը, ինչից հետո ԱԺ նախագահը որոշում կայացրեց, որ քվեարկությունը կկայանա ձեռքով:

Հիշեցնենք, որ Ազգային ժողովում ընթանում էր ՀայՌուսգազարդ ՓԲԸ-ի բաժնետոմսերի առքուվաճառքի և հետագա գործունեության պայմանների մասին համաձայնագրի քննարկումը: