«Բնականաբար, առաջին նախագահի կարծիքները, անկախ նրանից`նա վաթսուն հազար դիտում ունի, դրանից ինքն ուրախանում է, թե`չէ, հարյուր հազար, թե վեց հազար, մշտապես, յորաքանչյուր երկրում, ուշադրության արժանի են:
Այնտեղ կան սկզբունքներ, ելույթի կետեր, որոնց հետ համամիտ եմ»,- այսօր ԱԺ լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը՝ պատասխանելով հարցին, թե կիսում է առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի այն հայտարարությունը, թե ինչո՞ւ Հայաստանում տեղի չունեցավ ուկրաինական մայդան:

«Կարծես թե Տեր-Պետրոսյաննն իր ֆիասկոն քողարկելու, իր սեփական դեմքը փրկելու համար դիմում է 2008 թվականի նախընտրական բառապաշարին, որը պատիվ չի բերում որեւէ քաղաքական գործչի: Եվ եթե նա, իր ձեւակերպումներով ասեմ, խոսում է խղճուկ, ողորմելի բառապաշարով, դա քաղաքական լեքսիկոն չէ»,- ասաց ՀՀԿ խոսնակը և հավելեց. «Խղճուկ և ողորմելի կարգավիճակում հայտնվում են նրանք, ովքեր շատ են ցանկանում մասնակցել նախագահական ընտրություններին, բայց գիտակցելով, որ յոթից-տասը տոկոսից ավել չեն հավաքելու, վախենում եւ չեն մասնակցում:
Խղճուկ եւ ողորմելի վիճակում կարող են հայտնվել նրանք, ովքեր նույնիսկ քաջություն չեն ունենում պաշտպանել սեփական խմբակցության ներկայացուցչին: Խոսքը Հրանտ Բագրատյանի մասին է:
Խղճուկ եւ ողորմելի վիճակում հայտնվում են նրանք, ովքեր որ ընտրություններին լոկ դիտորդի կարգավիճակ են ստանձնում, այլ ոչ թե քաջություն են ունենում մասնակցել և իրականացնել քաղաքական պրոցեսներ:
Խղճուկ եւ ողորմելի վիճակում հայտնվում են նրանք, ովքեր ի վերջո, ուրախանում են ՛՛յութուբում՛՛ վաթսուն հազար դիտումից: Կարգին Հայկոյի դիտումները, կարծում եմ, շատ ավելի շատ են: Կարծում եմ՝ առաջին նախագահն իր բառապաշարը պետք է փոխի»:

Այն դիտարկմանը, թե Լեւոն Տեր-Պետրոսյանը վերջին շրջանում իշխանահաճո դիրքորոշումներ է արտահայտում, Էդուարդ Շարմազանովն արձագանքեց. «Ո՞րն է իշխանահաճո: Ողորմելին և խղճուկն իշխանահաջո՞ է: Մենք քննադատությունն ընդունում ենք, բայց երբ մարդը սեփական դեմքը փրկելու համար սեփական քաղաքական ուժը փրկելու համար դիմում է նման բառապաշարի… միգուցե նրանից է, որ վերջին մոհիկանը`ՀԱԿ-ի շարժիչ ուժը հանդիսացող Նիկոլ Փաշինյանն էլ լքեց եւ դա նրանց նյարդայնացնում է, ես չեմ կարող ասել»: