ՀՀ Ոստիկանության գլխավոր քննչական վարչության ՀԿԳ քննչական վարչության վարույթում քննվող քրեական գործով մեղադրյալ Մարտին Ծերունյանի կինը ՀՀ գլխավոր դատախազին և ՀՀ նախագահին հասցեագրված դիմումներին պատասխան չստանալով` դիմել է մարդու իրավունքների պաշտպանին` ակնկալելով, որ նրա միջոցով կստանա իրեն արդեն շուրջ 8 ամիս հուզող հարցի պատասխանը` հանցավոր որ արարքի համար է կալանավորված իր ամուսինը, նա ինչ պիտի չաներ, որ ներկայումս անազատության մեջ չլիներ:

YerevanNews.am-ի հետ զրույցում տիկին Սուսաննան ասաց, որ նախաքննական մարմնի ու դատախազության լռությունը ինքը հասկանում է.«Լռում են, քանի որ ասելու բան չունեն, ինչ կարող են պատասխանել մի մարդու, ում ամուսինը իրավական համակարգի կամայականութան զոհ է դարձել, ում արդեն 8 ամիս անհիմն պահում են անազատության մեջ, ում նկատմամբ իրականացվում է ապօրինի քրեական հետապնդում, ում առնչակցությունը որևէ հանցագործության հետ հիմնավորող որևէ փաստական տվյալ չկա, սակայն նա կալանավորված է: Համոզված եմ, որ ամենաաննշան ու չնչին հիմնավորման առկայության դեպքում իմ դիմումները պատասխան կստանային, և նախաքննական մարմինը այդպիսով կփորձեր ինչ-որ կերպ հիմնավորել իր ճշմարտացիությունը, սակայն նրանք սկզբունքորեն լռում են, անտեսում, դրանով իսկ ի ցույց դնում իրենց` օրենքից դուրս լինելու և օրենքին հաշվետու չլինելու դաժանորեն վիրավորական փաստը»:

Հիշեցնենք. որ Ոստիկանության նախկին աշխատակից, պահեստազորի փոխգնդապետ, թոշակառու Մարտին Ծերունյանն արդեն 6 ամիս է` անհիմն գտնվում է կալանքի տակ:

ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության հատկապես կարևոր գործերի քննության վարչության վարույթում քննվող քրեական գործով 11.05.2013թ-ին Մարտին Արմենակի Ծերունյանը ձերբակալվել է, 14.05.2013թ-ին նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 35-104-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ և 8-րդ կետերով և որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը: