Նախագահ Սերժ Սարգսյանի հրավերով դեկտեմբերի 2-ին պետական այցով Հայաստան էր ժամանել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը: ՌԴ Նախագահի գլխավորած պատվիրակության կազմում էին նախարարներ, նախագահի աշխատակազմի բարձրաստիճան պաշտոնյաներ, նահանգապետեր, տարբեր ոլորտների ռուսաստանյան առաջատար ընկերությունների ղեկավարներ:
Այցի շրջանակներում նախագահները այցելեցին Գյումրիում տեղակայված 102-րդ ռուսական ռազմակայան, որի գոյությունը մեր երկրում ունի ռազմավարական նշանակություն թե՛ Հայաստանի, թե՛ Ռուսաստանի համար: Եթե Ռուսաստանի համար այդ ռազմակայանը հեռահար աշխարհաքաղաքական շահերի պաշտպանությանն է ծառայում, ապա մեր երկրի համար այն անվտանգության հավելյալ երաշխիք է, թուրքական ծավալապաշտական նկրտումները զսպող լրացուցիչ գործոն: Հիմա, երբ ռազմակայանը համալրվել է ժամանակակից սպառազինությամբ նրա նշանակությունն ավելի է մեծացել: Այն վերածվել է հուժկու ռազմական միավորի, որն ունակ է էապես ներգործել մեր տարածաշրջանի ռազմաքաղաքական զարգացումների վրա, ուղղորդել դրանք:
Որպեսզի ավելի հստակ պատկերացնենք, թե ինչ է իրենից ներկայացնում 102-րդ ռազմակայանը մանրամասնենք: Եվ այսպես. 102-րդ ռազմակայանը բաղկացած է մոտոհրաձգային, տանկային, հրետանային և համակողմանի ապահովման ստորաբաժանումներից: Ռազմակայանը սպառազինված է ՀՄՄ-2 –ով, Տ-72Բ տանկերով, որոնք չնայած այն բանին, որ կատարելագործվել են դեռևս 1985 թվականին, այդուհանդերձ իրենց ունեցած մարտավարա-տեխնիկական բնութագրերով չեն զիջում ամերիկյան M1A2 Աբրամսներին, և նույնիսկ իրենց բնութագրերի որոշ կողմերով գերազանցում են դրանց:
Ռազմակայանում տեղակայված են նաև «Ստրելա-10» զենիթա-հրթիռային համալիրներ՝ նախատեսված փոքր բարձրությունների վրա թռչող նշանակետերի խոցման համար, «ԲՈՒԿ Մ1-2» զենիթա-հրթիռային միջին հեռահարության համալիրներ՝ կատարելագործված 1994-97 թթ. և նախատեսված՝ 20 կմ հեռավորության վրա ավիացիոն հրթիռներ, 25 կմ հեռավորության վրա՝ գերճշգրիտ սպառազինության մարտկոցներ խոցելու համար, և որի ընհանուր խոցման գոտին ըստ հեռավորության կազմում է 45 կմ, «Ս-300» ԶՀՀ-րը, որոնք կարող են խոցել մինչև 300 կմ հեռավորության վրա թռրող նշանակետեր, և որոնք առաջինն էին իրենց դասում, որ միաժամանակ ուղեկցում են 6 նշանակետ, «Սմերչ» կայանը, որը 300 մմ տրամաչափի 12 փող ունի, և որի հեռահարությունը կազմում է 20-90 կմ, իսկ խոցման գոտին՝ 67 հեկտար:
Ռազմակայանում առկա են նաև «Գվոզդիկա» ինքնագնաց հրետանային համակարգեր, ՄԻԳ- 29 կործանիչներ և այլ ժամանակակից սպառազինություն: Ռազմակայանի անձնակազմը բաղկացած է մոտ 5 հազար հոգուց։
Սակայն Ռուսաստանի նախագահի այցի կարևորագույն արդյունքը՝ ժամանակակից սպառազինություն և ռազմական տեխնիկան ներքին ռուսական գներով ձեռք բերելու համաձայնությունն է: Այն տարածաշրջանում նոր ռազմաքաղաքական իրողությունների սկիզբ է դնում: Ձեռք բերված համաձայնությունը պարզապես անհեռանկարային է դարձնում Ադրբեջանի ձգտումները ձեռք բերել Հայաստանի նկատմամբ ռազմական գերազանցություն: Ձեռք բերված համաձայնությունը կարևոր է նրանով, որ փաստորեն զրկում է Ադրբեջանին իր հիմնական առավելությունից՝ ֆինանսական ռեսուրսների շնորհիվ Արցախի դեմ հաջողված ագրեսիայի համար անհրաժեշտ ռազմական ներուժ ստեղծելու հնարավորությունից: Այդ վտանգը չեզոքացնելու հնարավորություն հայկական կողմն ունի: Իհարկե չի կարելի թերագնահատել Ադրբեջանի արդեն իսկ ունեցած ռազմական ներուժը, սակայն հիմա, երբ մենք մեզ պարտադրված սպառազինությունների մրցավազքում ձեռք ենք բերել մրցակցային առավելություն՝ ուժերի փոխհարաբերություններում վտանգավոր դիսբալանս առաջանալ այլևս չի կարող: Թեև՝ պետք է հաշվի առնել, որ որակական ռազմական գերազանցություն ունենալու համար մեծաթիվ սպառազինություն ունենալը բավարար չէ: Բազմաթիվ այլ չափանիշներ էլ կան. օրինակ՝ այդ սպառազինությանը տիրապետելը, ստորաբաժանումների ղեկավարման արդյունավետությունը, հանդուգն գործելու ներքին պատրաստակամությունը և այլն:
Իսկ այդ այլ չափանիշներով մենք ունեցել և ունենք հաստատուն առավելություն: Այդ կապակցությամբ ուշագրավ է պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հետևյալ միտքը՝ արտահայտված 2014 թվականի տարեմուտի իր ուղերձում. «մենք լավ գիտենք՝ ով է մեր թշնամին, երկար տարիների փորձով գիտենք նրա բոլոր կողմերը, նրա սովորությունը: Մենք չենք փոխել մեր կարծիքը նրա մասին: Նա անփոփոխ է, և անփոփոխ են նաև նրան կառավարելու, զսպելու մեր եղանակները, նրա նկատմամբ գերազանցությունը պահպանելու մեր միջոցները»:
Այս խոսքերի ապացույցը խաղաղությունն է: Ճիշտ է սահմաններին անհանգիստ է, բայց մեծ պատերազմ չկա: Չկա՝ շնորհիվ հենց այն որակական գերազանցության, որի մասին նշում է պաշտպանության նախարարը: Ռուսաստանի հետ ձեռք բերված վերջին համաձայնություններից հետո այդ խաղաղությունն ավելի հաստատուն կդառնա:
Դավիթ Սոֆիյան