Մի հարցը դեռ չլուծված իշխանությունները անցնում են մեկ այլ հարցի: Այսօր կայացած ասուլիսի ընթացքում, ամփոփելով անցնող տարին, նման տեսակետ արտահայտեց Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը:

«Ընթերցելով գազի համաձայնագիրը, հասկացա, որ այն ռուսներն են գրել, իսկ հայ չինովնիկներն են ոչ մի բան չեն ուղղել: Այսքան պարտքը նշանակում է, որ նրանք հատուկ են դա արել», - նշեց նա:

Անդրադառնալով ստեղծված իրավիճակի ելքերին, նա նշեց, որ կամ պետք է կառավարությունը հրաժարական տա, կամ պետք է դատախազությունը քրեական գործ հարուցի:

Իսկ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Կարինե Աճեմյանի խոսքերով, շատ հեշտ է քննադատել իշխանություններին: «Ես ինքս կարդացել եմ համաձայնագիրը և իրոք կան վիճահարույց հարցեր, սակայն դա կորուստ համարել չի կարելի», - նշեց նա, հավելելով, որ չեն լինում կամ միայն ձեռքբերումներ կամ միայն կորուստներ:

Իսկ «Ազատ դեմոկրատներ» կուսակցության փոխնախագահ Անուշ Սեդրակյանը տարին գնահատեց, որպես ինքնիշխանության կորուստ:

«Մեր սահմանին կանգնած են ռուս զինվորները, սակայն նրանց մենք չենք վերահսկում, այն պատկանում է ՀԱՊԿ-ին», - նշեց նա: Բացասական երևույթ նա համարեց նաև կուտակային կենսաթոշակային համակարգն իր բոլոր հետևանքներով, իսկ որպես դրական ձեռքբերում նշեց քաղաքացիական հասարակության կայացումը: Վերջինը, թերևս դրական համարեցին բոլոր բանախոսները: