Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը Yerevannews.am­-ի հետ զրույցում ասաց, որ ԱԺ նիստից հետո Վարչապետն ու փոխվարչապետը քննարկել են Աժ Պատգամավոր Նիկոլ Փաշինյանի բարձրացրած հարցը:

Ստորև ներկայացնում ենք  Ռաֆիկ Գրիգորյանի  հարցազրույցը:

-Պարոն մարզպետ Դուք տեղյա՞կ եք, որ երեկ Աժ­-ում հարց է բարձրացվել փետրվարի 25-ին ձեր անցկացրած խորհրդակցության վերաբերյալ, որտեղ դուք համայնքի ղեկավարներին շնորհակալություն եք հայտնել նախագահ Սերժ Սարգսյանի համար աշխատելու համար:

-Ես տեղյակ եմ, որ նման  հարց է բարձրացվել:

-Չեք կարծում, որ օրենքի խախտում է, երբ աշխատակիցներին շնորհակալություն են հայտնում որևէ թեկնածուի օգտին աշխատելու համար :

-Ես անցկացրել եմ աշխատանքային խորհրդակցություն և այդ տեղեկատվությունը չի  համապաստախանում իրականությանը։ Ես աշխատանքային խորհրդակցությունից հետո մարզպետարանի աշխատակազմին տեղեկատվություն եմ տրամադրել ընտրությունների  նախապատրաստման և անցկացման վերաբերյալ: Հետո նրանց ես տեղեկացրել եմ նախապատրաստական  աշխատանքներին, թե ինչպես ենք նախապատրաստվել մենք բոլորս միասին  և ինչպիսի ընտրություններ ենք անցկացրել: Խոսքը դրա մասին է:

-Իսկ Դուք շնորհակալություն հայտնե՞լ եք նրանց նախագահ Սարգսյանի համար աշխատելու համար :

-Ես շնորհակալություն եմ  հայտնել բոլոր շտաբի պետերին դրանից առաջ և նրանց եմ շնորհակալություն հայտնել:  Դուք տարբերակեք ինչի համար։ Մեր օրենսդրությամբ ընտրությունների նախապատրաստական աշխատանքները իրականացնում են  տեղական մարմինները և նրանք ովքեր մասնակցում են աշխատանքային խորհրդակցության նրանք այն մարդիկ էին, որոնք ինձ հետ միասին  այդ նախապատրաստական աշխատանքներն էին իրականացրել, որի արդյունքում Գեղարքունիքի մարզում և քարոզարշավի ընթացքում,  և  ընտրության օրը ոչ մի դիտողություն, ոչ մի առարկություն անգամ բանավոր դժգոհություն կամ դիտողություն չի արձանագրվել: Չի արձանագրվել նաև միջազգային դիտորդների ու տեղական դիտորդների կողմից, թե քարոզարշավի ընթացքում, թե ընտրության օրը: Սրա մասին է խոսքը , որ ես տեղեկատվություն եմ ներկայացրել,  որ 152 տեղամասերում ընդհանրապես   ոչ մի բողոք չի եղել  և նախապատրաստական և քարոզարշավն անցել է նորմալ։ Սրա  մասին է խոսքը:

-Պարոն Գրիգորյան Դուք տեղյակ եք, որ Ձեր մարզպետարանի կայքում  խորհրդակցությունը հետևյալ ձևով է ներկայացված, մեջբերում եմ.«Ռաֆիկ Գրիգորյանը շնորհակալություն հայտնեց մարզպետարանի աշխատակազմին, մարզի համայնքների, հիմնարկ ձեռնարկությունների ղեկավարներին և այլոց, ովքեր աշխատել և ճիշտ կողմնորոշում են ցուցաբերել ընտրությունների ընթացքում ՝ապահովելով նման ցուցանիշ»:

-Ես տեղեկացել եմ լրատվամիջոցներից, Դուք գիտեք, որ մարզպետարանի լրատվական բաժինը մարզպետարանի աշխատակազմում է գտնվում,որի արդյունքում  աշխատակազմի ղեկավարը արդեն իսկ հրավիրել է  խորհրդակցություն և խիստ նկատողություն է հայտարարել լրատվության բաժնի ղեկավարին այդ հոդվածի համար։ ։

-Սրա հետ կապված Կառավարությունից և  Տարածքային կառավարման նախարարությունից   որևէ պարզաբանում ձեզանից պահանջե՞լ են:

-Իհարկե, և Վարչապետը և փոխվարչապետն արդեն ինձ հետ քննարկել են, բնականաբար, նախորդ օրը  հենց Ազգային ժողովի  նիստից հետո: Ինչ­որ ես  Ձեզ ասացի սա է եղել իրականությունը:

-Ամեն ինչ հարթվե՞լ է և հոդվածը  պետք է փոխվի՞:

-Հոդվածը, եթե փոխեին արդեն Ձեր հարցը այլ ձևով կշարադրեիք, արդեն բոլոր լրատվամիջոցներով կկենտրոնանաիք  հոդվածի փոփոխության վրա: Թյուրիմացությունը եղել է, խիստ նկատողությունը ստացել են, իսկ եթե ես փորձեի ազդեցություն ունենալ  լրատվական բաժնի վրա այդ ժամանակ ինչպիսի՞ հարցեր կբարձրացնեիք :

-Այս դեպքում ինչո՞ւ կայքում չի նշվում, որ թյուրիմացություն է տեղի ունեցել և չեն հայցում ընթերցողների ներողամտությունը:

-Դա Դուք կարող եք  այս պահին  կապնվել  մարզպետարանի լրատվական բաժնի հետ և այդ հարցը ուղղել լրատվական բաժին:

 

Զրուցեց Տիրայր Մուրադյանը

 

Հիշեցնենք, որ երեկ Աժ­-Կառավարություն հարց ու պատասխանի ժամանակ ԱԺ ՀԱԿ ընդդիմադիր  խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը կառավարությանն էր դիմել վերոհիշյալ հարցի կապակցությամբ, Իսկ վարչապետն էլ ասել էր, որ առաջին անգամ է լսում, որ Գեղարքունիքի մարզպետարանում նման բան է տեղի ունեցել և ինքը  հետամուտ կլինի այդ հարցի  պարզաբանման համար։