Ռուսաստանի Դաշնության վարչապետ Դմիտրի Մեդվեդևը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի Հանրապետության վարչապետ Տիգրան Սարգսյանին՝ Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ, որում ասված է.
«Հարգելի Տիգրան Սուրենի,
Ընդունեք իմ ջերմագին շնորհավորանքները Նոր տարվա և Սուրբ Ծնունդի կապակցությամբ:
Անցնող տարին հատկապես արդյունավետ էր հայ-ռուսական ռազմավարական գործընկերության զարգացման համար: Եվրասիական ինտեգրման գործընթացին միանալու և Մաքսային միությանն անդամակցելու Հայաստանի որոշումը վկայում է մեր երկու ժողովուրդների շահերի ընդհանրության, համագործակցության բոլոր ուղղություններով աշխատանքների ակտիվացման փոխադարձ տրամադրվածության մասին:
Վստահ եմ, որ 2014 թվականի փետրվարին Ռուսաստան կատարելիք Ձեր այցը կնպաստի Հայաստանի և Ռուսաստանի միջև ռազմավարական հարաբերությունների հետագա ամրապնդմանը:
Մաղթում եմ Ձեզ, հարգելի Տիգրան Սուրենի, առողջություն և նորանոր ձեռքբերումներ Ձեր պատասխանատու գործունեության մեջ»: