Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության 2013թ. վերջին նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը:
ՀՀ կառավարությունը հաստատել է «Զվարթնոց» օդանավակայանի կոնցեսիոների ներկայացրած 2013-2017թթ. Մաստեր Պլանը` ի կատարումն ՀՀ կառավարության ու «Կորպորասիոն Ամերիկա Ս. Ա.» ընկերության միջև 2001թ. դեկտեմբերի 18-ին ստորագրված պայմանագրի պահանջների:
«Ենթադրվում է, որ կոնցեսիոները 102 մլն ԱՄՆ դոլարի ներդրում կկատարի օդանավակայանում, որը լավագույնն է ճանաչվել ԱՊՀ-ում», - հարցի առնչությամբ ասել է վարչապետ Տիգրան Սարգսյանը: - Այդ ներդրումը հնարավորություն կտա մի կողմից բարձրացնել մատուցվող ծառայությունների որակը, մյուս կողմից` զարգացնել զբոսաշրջությունը. սա մեզ համար գերակա խնդիր է»:
Վարչապետն անդրադարձել է նաև օդանավակայանի կլոր մասնաշենքի քանդման կոնցեսիոների առաջարկին: Մասնաշենքի պահպանումը խիստ ծախսատար է, պահանջում է 15-20 մլն դոլարի ներդրում: Բայց քանի որ մեր ճարտարապետներն այդ կառույցը համարում են սովետական շրջանի մոդեռնիստական ճարտարապետության արժեքավոր նմուշ, Տիգրան Սարգսյանը քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետի միջոցով դիմել է կոնցեսիոներին` խնդրելով հարցը նորից քննարկել: Վարչապետը ողջամիտ է համարել այդ տարածքում այգի հիմնելու առաջարկը. այգում կարող են տեղադրվել ճարտարապետական հետաքրքիր լուծում ունեցող այլ կոթողներ ևս, որոնք գրավիչ կլինեն զբոսաշրջիկների համար»: