ՀՀ կառավարությունը փոփոխություններ է կատարել իր ավելի վաղ ընդունած որոշումներից մեկում և հիմնական կենսաթոշակի չափը սահմանել 14 հազար դրամ, աշխատանքային ստաժի մեկ տարվա արժեքը առաջին 10 տարվա համար` 700 դրամ, 10 տարին գերազանցող յուրաքանչյուր տարվա համար` 450 դրամ: Արդյունքում աշխատանքային կենսաթոշակի միջին չափը 2013թ. շուրջ 31 հազարի փոխարեն 2014թ. կկազմի շուրջ 36 հազար դրամ: Կաճեն նաև շարքային կազմի զինծառայողների և նրանց ընտանիքի անդամներին վճարվող հաշմանդամության և կերակրողին կորցնելու դեպքում տրվող կենսաթոշակի չափերը (միջին չափը 16 հազար 400-ի փոխարեն կկազմի շուրջ 17 հազար 500 դրամ):
Զինվորական կենսաթոշակի չափերի հերթական բարձրացումը նախատեսվում է 2014թ. հուլիսի 1-ից:
Հաջորդ որոշմամբ կառավարությունը ծերության սոցիալական նպաստի չափը սահմանել է 14 հազար դրամ, հաշմանդամության սոցիալական նպաստի չափը` 14 հազարից (երրորդ խումբ) մինչև 19 հազար 600 դրամ (առաջին խումբ): Թաղման նպաստի չափը սահմանվել է 200 հազար դրամ:
Արդյունքում 2014թ. հունվարի 1-ից կվճարվեն վերը նշված սոցիալական նպաստները, որոնց չափերը կլինեն այնքան, որքան կլիներ անձանց վճարվող սոցիալական կենսաթոշակի կամ թաղման նպաստի չափը: